Քաղաքապետարանը բնակարաններով կապահովի Երևանում բնակվող՝ զոհված զինծառայողների կարիքավոր ընտանիքներին
Այսօր Երևանի Քաղաքապետարանում գումարվեց Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի 3-րդ նիստը: Նիստը քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ հարգանքի տուրք մատուցելով ղարաբաղաադրբեջանական սահմանին ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ունեցած զոհերի հիշատակին:
Մինչ օրակարգի հաստատումը քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես եկավ բացման խոսքով, որում անդրադարձ կատարեց սահմանային վերջին դեպքերից հետո իր հանձնարարականներին.
«Մեր բոլորի պարտքն է՝ լինել վերջին օրերին ղարաբաղաադրբեջանական սահմանին զոհված և վիրավորված մեր զինծառայողների ընտանիքների կողքին և հատկապես նրանց ընտանիքների խնդիրները պահել մեր ուշադրության կենտրոնում: Հայտնի է, որ Երևանի 12 վարչական շրջանները և Քաղաքապետարանը դեռևս 2012թ. ԼՂ-ի, Ստեփանակերտի և 7 շրջանների հետ կնքված համագործակցության համաձայնագիր ունի, հետևաբար՝ տեղեկացնում եմ, որ ապրիլ ամսվա սկզբից, այդ համագործակցության շրջանակներում ԼՂ-ի հետ բացված օպերատիվ շտաբի միջոցով, Քաղաքապետարանի աշխատակազմի և մեր գործընկեր կազմակերպությունների հետ միասին, շուրջ 100 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ են ուղարկվել Լեռնային Ղարաբաղ:
Իմ կողմից 12 վարչական շրջանների սոցիալական վարչությանը հանձնարարականներ են տրվել՝ ուսումնասիրել զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքների սոցիալական վիճակը և ներկայացնել առաջարկություններ, որոնց հիման վրա Քաղաքապետարանն այդ ընտանիքներին համապատասխան օժանդակություններ կցուցաբերի: Հանձնարարականներ են եղել նաև Անշարժ գույքի վարչության և Սոցիալական վարչության պետերին՝ ուսումնասիրել վերջին օրերին զոհված մեր հերոսների բնակարանային կարիքները, և կարճ ժամանակահատվածում համապատասխան ծառայությունները մեզ կներկայացնեն այն զոհված զինծառայողների ընտանիքների տվյալները, ովքեր Երևան քաղաքում բնակվում են վարձակալության հիմունքներով, որպեսզի նրանց մեր կողմից բնակարաններ տրամադրվեն: Մենք այս առաջարկությամբ հանդես կգանք ավագանու նիստում և կխնդրենք, որ ավագանին նույնպես իր մասնակցությունն ունենա այս հարցում: Հանձնարարականներ են եղել նաև Կրթության վարչությանը՝ ուսումնասիրել առաջին գծում զոհված մեր զինծառայողների ուսումնական հաստատությունների հասցեները, որպեսզի յուրաքանչյուր դպրոցում, որտեղ նրանք ուսումնառություն են անցել, անվանական դասասենյակներ կամ անկյուններ բացվեն՝ մատաղ սերունդների համար վառ պահելու և օրինակ ծառայեցնելու հերոս նահատակների անմար հիշատակը»:
Իր ելույթի ընթացքում քաղաքապետը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում պատերազմական գոտուն անհրաժեշտ որոշակի ֆինանսական միջոցների անհրաժեշտության նպատակով երկու փոխքաղաքապետերին հանձնարարականներ են ներկայացվել համայնքային բյուջեում վերանայումներ կատարել: Որպեսզի առաջնահերթ լուծում պահանջող սահմանային խնդիրներն իրենց արագ լուծումները գտնեն, քաղաքապետարանը նպատակահարմար է գտել որոշակի կրճատումներ իրականացնել մշակութային միջոցառումների ծրագրերում: Քաղաքապետը տեղեկացրեց նաև, որ այս օրերին Լեռնային Ղարաբաղում համապատասխան հաշվեհամար է բացվել՝ քաղաքապետարանի և 12 վարչական շրջանների աշխատակազմի անունից ֆինանսական աջակցություններ տրամադրելու նպատակով:
Այնուհետև հաստատվեց ավագանու նիստի օրակարգը, որտեղ ներառված էր թվով 16 հարց, այդ թվում՝ Սոս Սիսակյանի և Վահան Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակների տեղադրման, գույքահարկի արտոնություն սահմանելու, հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու, «Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու, Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու, Երևանի Փ. Բուզանդի փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող շենքից անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու, հողամասի նպատակային նշանակությունը փոխելու, հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու, ծառայողական ավտոկայանատեղեր կազմակերպելու իրավունք տալու մասին նախագծերը:
Տեղեկացնենք, որ այսօր Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի 3-րդ նիստում ընդգրկված բոլոր 16 նախագծերը միաձայն ընդունելության արժանացան՝ ավագանու նիստին ներկա բոլոր մասնակիցների կողմից:
Երևան քաղաքի ավագանու հաջորդ նիստը կգումարվի մայիսի 25-ին: