«Նայելով հարգարժան Վարդան Օսկանյանի աչքերին` ասացի, որ չեմ հիշում, որ Դուք եղել եք ԱԳ նախարար». Շարմազանովը հակադարձում է Օսկանյանին
«Վերջին շրջանում բազում կուսակցություններ են ստեղծվել, դրանցից ո՞ր մեկն է ասել, որ ինքը հերթական է, բոլորն էլ ասում են, որ իրենք արմատական են, իշխանափոխության են ձգտելու, իրենք են այլընտրանքը իշխանության: Ժողովուրդն է որոշում, թե ով է այլընտրանքն իշխանության»,- այսօ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը` անդադառնալով ԱԺ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հիմնադրած նոր՝ «Համախմբում» կուսակցությանը և Օսկանյանի հայտարարությանը, թե իր կուսակցությունն արմատական ընդդիմություն է լինելու:
«Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ 20 տարի Հայաստանում կեղծվել են ընտրությունները: Նայելով հարգարժան Վարդան Օսկանյանի աչքերին` ես ասացի, որ չեմ հիշում, որ Դուք եղել եք արտաքին գործերի նախարար և ասել եք, որ ընտրությունները կեղծվել են, և կարելի՞ է ենթադրել, որ իր ասած 98 թվականի և 2003 թվականի կեղծված նախագահական ընտրությունների արդյունքում ինքը նախագահ Քոչարյանի կողմից նշանակվել է արտգործնախարար և եթե, ըստ նրա, այդ ընտրությունները եղել են կեղծ, ուրեմն՝ արդյունքներն էլ են եղել կեղծ, հետևաբար՝ իր նշանակումն էլ է եղել կեղծ»,- ասաց Շարմազանովը:
Ըստ նրա` 2012 և 2016 թվականների ընտրությունները եղել են լավագույնը, ինչի մասին ասել են նաև միջազգային կառույցները: