Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջելու
ԱԺ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն ու իր հիմնադրած նոր «Համախմբում» կուսակցությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը չեն պահանջելու:
«Օդից ի՞նչ պահանջենք: Ես 25 տարվա իմ քաղաքական գործունեության մեջ որևէ մեկի հրաժարականը չեմ պահանջել, դա արդեն նշանակողների խնդիրն է, նրանք պետք է գիտակցեն` ով ինչ է արել և համապատասխան քայլեր անեն: Ես իմ կյանքում դա չեմ արել և չեմ պատրաստվում դա փոխել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Օսկանյանը:
Նա նշեց, թե նման զարգացում չի պատկերացնում, որ ընտրություններից հետո ՀՀԿ-ի հետ կարող է կոալիցիա կազմել. «Մեր ծրագրերը էապես տարբերվոմ են, այս տարիների ընթացքում իշխող ուժը հաջողություն չի ունեցել և ժողովուրդը այլընտրանք է փնտրում: Եթե մեզ հաջողվի այս այլընտրանքը լինել, մեր ծրագերով արդեն հանդես կգանք և մեզ աջակցող ուժերի հետ կոալիցիա կկազմենք և ծրագրերը կիրականացնենք»:
Հարցին, թե վարչական ռեսուրսը իշխանության ձեռքին է, ո՞նց են հաջողելու, Վ.Օսկանյանը կոչ արեց. «Դա հիասթափեցման պատճառ է դարձել, 25 տարի չի հաջողվում, անընդհատ մենք ասում ենք` ո՞նց, ո՞նց, ո՞նց, մեկ ա էդպես է լինելու, դա մտածողություն չի, ժամանակը եկել է իսկապես արմատական փոփոխությունների այս փուլում, ժողովուրդը դա լավ գիտակցում է և ես համոզված եմ, որ ժողովուրդը գնալու է այն քաղաքական ուժի հետևից, որին հավատալու է»:
Հարցին` ձեր իշխանությունն է ղարաբաղյան կողմին դուրս թողել բանակցային գործընթացից, ի՞նչ շտկումների անհրաժեշտություն եք տեսնում, նախկին ԱԳ նախարարը պատասխանեց, որ այդ հարցին երկար անդրադարձել է առաջին նախագահին իր պատասխանում, հիմա չի ուզում նորից անդրադառնալ:
Օսկանյանը չմեկնաբանեց նաև, որ Ռոբերտ Քոչարյանը պատերազմի օրերին ԼՂ-ում չէր, այլ Մոսկվայում էր. «Հարցը տվեք իրեն»:
Նա հայտարարեց, թե Քոչարյանը «Համախմբում» կուսակցության հետ կապ չունի, եթե ինքը քաղաքական ծրագրեր ունի, դրա մասին կխոսի: