Ռուսաստանը հնարավոր է համարում Երևանի և Բաքվի միջև ռազմական շփումների շարունակումը. Լուկաշևիչ
Ռուսաստանը հնարավոր է համարում Երևանի և Բաքվի միջև ռազմական շփումների շարունակումը: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«Ես դեռ չեմ լսել նման հանդիպման նախապատրաստության մասին՝ հաշվի առնելով, որ տեղի է ունեցել հակամարտության գոտում լարվածության բռնկում: Դա կողմերի միջև ուղիղ երկխոսությունը ուժեղ կերպով հետ է մղել: Այդուհանդերձ, Ռուսաստանի միջնորդությամբ հաջողվեց դադարեցնել հակամարտությունը: Ամենայն հավանականությամբ, խոսք կարող է գնալ զինվորականների միջև շփումների շարունակության մասին»,- ասել է նա՝ անդրադառնալով բարձր մակարդակի հանդիպումների մասին խոսակցություններին:
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են զեկույցներով հանդես գալ Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Համանախագահներն ապրիլի 20-ին եղել են գործող նախագահի մոտ, զեկուցել են իրավիճակի մասին, ապրիլի 6-9-ը նրանք եղել են տարածաշրջանում»,- ասել է Լուկաշևիչը՝ հավելելով, թե սպասվում է, որ նրանք կարող են զեկույց ներկայացնել Վիեննայում՝ հետագա գործողությունների մասին: