«Եթե Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, կլինեն երկրներ, որոնք ևս կճանաչեն այն». Արման Նավասարդյան

«Կազանյան փաստաթղթում և Մադրիդյան սկզբունքներում ոչ միայն տարածքների վերադարձի մասին է խոսվում, այլև ասվում է, որ պետք է լինի հանրաքվե: Սա անընդունելի է: Մենք պետք է հանգիստ ասենք՝ ինչ հանրաքվեի մասին է խոսքը, եթե հանրաքվե արդեն եղել է 1991թ. դեկտեմբերի 10-ին: Այն իրականացվել է այն ժամանակվա միջազգային օրենքների համաձայն և ադրբեջանցիների մասնակցությամբ: Հիմա ի՞նչ ռեֆերենդումի մենք կարող ենք գնալ, եթե այն արդեն եղել է, ու իր կամքը ժողովուրդն արդեն հայտնել է: Եթե չի կարող լինել ռեֆերենդում, ուրեմն ոչ մի կազանյան փաստաթուղթ չի կարող լինել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Ըստ նրա՝ Ալիևը, լինելով խորամանկ և խելացի քաղաքական գործիչ՝ փորձում է հասնել նրան, որ Ղարաբաղը չմասնակցի բանակցություններին.

«Ըստ երևույթին, եկել է ժամանակը, որ ճանաչենք ԼՂՀ-ն՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ: Եթե մենք ճանաչենք, կլինե՞ն երկրներ, որ ընդառաջ կգնան և կճանաչեն ԼՂՀ-ն. այս պահին, երբ Եվրոպան հասկանում է՝ ինչ է Ադրբեջանը և Հայաստանը, երբ հասկանա՝ խոսքը ժողովրդի կամքի արտահայտման մասին է, եթե հայկական դիվանագիտությունն էլ լավ աշխատի, ապա կլինեն երկրներ, որոնք կճանաչեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Եկել է ժամանակը՝ ճանաչելու ԼՂՀ-ն»:

Ըստ նրա՝ սխալ էր, որ վերջին գործողությունների կասեցմանը՝ Ռուսաստանի միջնորդությամբ, ԼՂՀ-ն չէր մասնակցում.

«Պետք է հիմա կարողանալ այդ բացթողումը հետ բերել, և, եթե պետք է լինի բանակցային գործընթաց, անպայման պետք է հասնել նրան, որ ԼՂՀ-ն մասնակցի: Համենայնդեպս, ՄԽ համանախագահներն այդ դիրքորոշման վրա են»:

Տեսանյութեր

Լրահոս