Բաժիններ՝

«Պետք է վերանա երթուղայինի լավ գիծ, վատ գիծ հասկացությունը»

Հանրային տրանսպորտի խնդիրը լուծելու համար նախ և առաջ պետք է սահմանել հավասար խաղի կանոններ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:

«Պետք է վերանա երթուղայինի լավ գիծ, վատ գիծ հասկացությունը: Անհրաժեշտ է սահմանել հավասար պայմաններ երթուղիները սպասարկող բոլոր ընկերությունների համար: Հակառակ դեպքում երթուղիները սպասարկող որոշ ընկերություններ շարունակելու են ազդեցություն ունենալ այդ ոլորտի վրա»,- ասաց Բաբկեն Պիպոյանը:

Նրա խոսքով, քանի դեռ հանրային տրանսպորտի գնի փոփոխություն չկա, հասարակության շրջանում, կարծես, երկրորդ պլան է մղվել տրանսպորտային խնդիրը: Այնինչ, դա հրատապ լուծում է պահանջում:

«Երբ Երևանի 63 համարի երթուղու ավտոբուսում պայթյուն եղավ, հասարակության առաջին արձագանքն ավտոբուսի անսարքության վերաբերյալ էր: Դա խոսում է այն մասին, որ մարդիկ շատ լավ պատկերացնում են, թե ինչ իրավիճակ է հասարակական տրանսպորտի ոլորտում, և դա մի օր լուրջ խնդիր է դառնալու: Հետևաբար, անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել խնդիրը լուծելու համար»,- ասաց Բաբկեն Պիպոյանը:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահը ներկայացրեց 2013 թվականին իրականացված ուսումնասիրությունների արդյունքները: Ըստ այդ արդյունքների` օրվա պիկ ժամին բոլոր միկրոավտոբուսների ընթացքի մեջ լինելու դեպքում յուրաքանչյուրին բաժին է ընկնում միջինը 25 ուղևոր: Այսինքն` գերծանրաբեռնված իրավիճակ, իսկ ահա ավտոբուսները այդ նույն ժամին ծանրաբեռնված չեն գործում, մեկ ավոտբուսին բաժին է ընկնում 15 ուղևոր: Սա, ըստ Բաբկեն Պիպոյանի, նշանակում է, որ ավտոբուսային գծերը կառուցվել են այնպես, որ դրանք միկորավտոբուսային գծե րին այլընտրանք չեն դառնում:

«Ստացվում է, որ միկրոավտոբուսում գերծանրաբեռնված վիճակ է, ավտոբուսում` ոչ: Հետևաբար, պետք է երթուղայինի ցանցը վերանայվի: Ներկայիս երթուղային գծերը միմյանցից էականորեն տարբերվում են եկամտաբերությամբ: Մեկ ավտոմեքենան օրական կտրվածքով տեղափոխում է 3 անգամ ավելի մարդ, քան մյուս գծի ավտոմեքենան: Ստացվում է, որ բոլոր երթուղային ավտոմեքենաների ծախսը նույնն է, բայց եկամուտը էականորեն տարբեր»,- ասաց Բաբկեն Պիպոյանը` նշելով, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ են կենտրոնացված համակարգ, հավասար պայմաններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս