
ԼՂ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ կոնկրետ հարց գոյություն չունի. Նովրուզ Մամեդով

Բաքվում ընթացող ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ Գլոբալ ֆորումի շրջանակում կայացած «Խաղաղության հաստատում և ահաբեկչության վերացում» կոչվող նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին:
Մամեդովը անհրաժեշտ է համարել ուշադրություն հրավիրել այն փաստին, թե ինչ է տեղի ունենում ԽՍՀՄ-ի փլուզումից հետո:
«Ի՞նչ է տեղի ունեցել 25 տարվա ընթացքում: Երկրների թիվը, որտեղ առաջացել են հակամարտություններ, կրկնակի ավելացել է: Քանի որ միջազգային հակամարտություններում չկա արդարություն, սկսել են գերիշխել աշխարհաքաղաքական հավակնությունները»,- հայտարարել է Մամեդովը:
«Մեզ ասում են, թե շարունակեք բանակցությունները: Այսինքն՝ 25 տարի բանակցել եք, ևս 25 տարի էլ բանակցեք: Որքա՞ն կարող է շարունակվել նման իրավիճակը: Խորհուրդ են տալիս հարցը լուծել սեփական ուժերով: Այդ հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի նորմերի շրջանակում»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան՝ նշելով, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի հիմքում ընկած են աշխարհաքաղաքական հավակնությունները:
Նա հայտարարել է, թե Ադրբեջանը հակամարտությունը ցանկանում է լուծել միայն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով:
Մամեդովի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ կոնկրետ հարց գոյություն չունի: