Արդյոք Խաչատուրովը տեղեկացվա՞ծ է եղել թշնամու զորաշարժի մասին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հետաքրքրվել էինք պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, թե մամուլում լուրեր եղան, որ ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը տեղեկացված է եղել թշնամու զորաշարժի մասին և դրան ուշադրություն չի դարձրել, այդպե՞ս է։ «Էժանագին, կեղտոտ, նույնիսկ, կարելի է ասել` ծիծաղելի հերյուրանք է: Տեքստը տեսե՞լ եք. հայերենից սկսած, մինչև իրավիճակի տիրապետման մասին գնահատականները ծիծաղելի են: Հետախուզությունը, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, չի առաջարկում գլխավոր շտաբի պետին ինչ-որ բան անել, ընդամենը զեկուցում է: Հետո` զորքերն առաջին գծից հանելու մասին այդ դիտարկումը. ռազմական տրամաբանության մեջ, դա հիմարություն է»,- ասաց նախագահի հրամանագիրը չկարդացած խոսնակը։ Բայց ասում են՝ Սերժ Սարգսյանը որոշակի դժգոհություններ ունի հետախուզության հետ կապված, հարցրինք Ա․ Հովհաննիսյանին, քանի որ մենք էլ դեռ տեղյակ չէինք ՀՀ նախագահի հրամանագրերից։
«Որևէ նման բան փաստարկված գոյություն չունի. Հայաստանի և ռազմաքաղաքական ղեկավարությունը, և նախարարն անձամբ, և ղեկավար կազմից այլ մարդիկ խիստ հանգամանալից ներկայացրել են այդ օրվա բոլոր դետալները` բաց կամ փակ քննարկումների ընթացքում, և ռազմական գործը կատարվել է շատ հմուտ ու տեղը տեղին»:
Մի քանի ժամից այդ «հմուտ և տեղը տեղին» աշխատող ռազմական ղեկավարներն ազատվեցին աշխատանքից։ Կարծում ենք՝ հաջորդը պետք է ազատվի այս օրերին ստի մեջ մասնագիտացած խոսնակը ևս»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: