«Պետք է այս հանցագործությունը բացահայտել, հակառակ դեպքում՝ նորից կկրկնվի՝ այս անգամ արդեն կգնան տատիկներին կամ պապիկներին պայթեցնելու»
ԱԱԾ պետի նախկին տեղակալ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը կարծում է՝ Հալաբյան փողոցում երեկ տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի հետաքննությունը պետք է սկսել նախ՝ տրանսպորտի ոլորտն ուսումնասիրելուց: 168.am-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ այդ ոլորտում միլիոնավոր գումարներ են շրջանառվում, և պետք է պարզել՝ ով, ինչ գումարներ է աշխատում:
«5 տարի առաջ հայտարարեցին, որ, եթե «վաղը 200 դրամ չդարձնենք ուղեվարձը, Երևանը կոլապսի կենթարկվի, քանզի ողջ տրասնպորտը կկանգնի», մեզ բարձրագույն ատյաններից համոզում էին, որ այսօր իրենք վնասով են աշխատում, 5 տարի վնասով են աշխատում այդ մարդիկ, և ոչ մեկի մտքով չի էլ անցնում ուղեվարձը թանկացնել, որովհետև գերշահույթներ են ստացել, այսօր էլ՝ 5 տարի անց, 100 դրամի մեջ դեռ գերշահույթ ունեն, դե, պատկերացրեք, թե ինչ գումարներ են վաստակում այդ երթուղու տերերը և ինչերի են ընդունակ: Հիմա, չգիտեմ՝ ինչպես կապեմ այդ խանգարում ունեցող կամ չունեցող երիտասարդի հետ, որը գնում էր սեփական մորը կամ հարազատներին պայթեցնելու, թույլ տվեք այդ մարդկանց մի կողմ դնենք ու ավելի լուրջ մտածենք: Պետք է այս հանցագործությունը բացահայտել, հակառակ դեպքում էլի կկրկնվի՝ այս անգամ արդեն կգնան տատիկներին կամ պապիկներին պայթեցնելու»,- նշեց Գ. Եղիազարյանը:
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ է նա հավանական համարում դրսի ուժերի կողմից ահաբեկչական ակտ լինելու վարկածը: Գ. Եղիազարյանն այդ վարկածի հավանականությունը զրոյական է համարում: «Ընդհանրապես ես ասել եմ, որ սպասելի է, երբ «Գորշ գայլերը» հավաքվեցին և նկարվեցին վարչապետ կոչվածի (նկատի ունի Տիգրան Սարգսյանին.- Ա. Ք.) հետ, եթե «Գորշ գայլերը» հասան այդտեղ, ուրեմն՝ ի՞նչ է մի բան պայթեցնելը: Այդ տարբերակը հավանական չեմ համարում, որովհետև դա դրսի ահաբեկիչների ձեռագիրը չէ, դրսի ահաբեկիչները կօգտագործեին բեկորներ, որպեսզի հնարավորինս զոհերի քանակը մեծ լիներ: Ես հակված եմ մտածելու՝ նույնիսկ միգուցե պատահական պայթյուն է եղել, բայց որ դրսից ահաբեկչության գործողությո՞ւն, դա բացառում եմ»: