«Շատ դեպքերում ուղղակի խելքներիս ինչ փչել է, այն էլ արել ենք». Թևան Պողոսյան

«Որ քառօրյա պատերազմի դասերը սերտելու կարիք ունենք, երևի ոչ ոք չի կասկածում: Այդ մասին բոլորս ենք խոսում: Բայց մի բան կա, որ այնքան էլ չեմ հավանում: Մեզնից յուրաքանչյուրի դիտարկումները շատ հաճախ ուրիշների արած կամ չարածներին է վերաբերում. էս մեկն ի՞նչ արեց, բա էս մյո՞ւսն ուր էր, բա էն երրորդն ինչի՞ սելֆի արեց, և այլն: Որոշներիս առաջարկներն էլ հիմնականում սահմանափակվում է, բա ինչի՞ չեք գալիս մեզ էլ ասեք՝ ինչ եք անում, բա մեր կարծիքը չեք լսել, և այլն, կամ կարճ ասած՝ «տղերք, մեզ էլ խաղացրեք»: Չեմ քննադատում, դա էլ է անհրաժեշտ»,- այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ասաց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը: Նա կարևորեց, որ յուրաքանչյուրն իրեն հարց տա` «բա ե՞ս ինչ եմ արել, կամ ի՞նչն եմ պակաս արել, ի՞նչ պիտի ավել անեմ, եթե, Աստված մի արասցե, ամեն ինչ նորից կրկնվի»:

«Մենք` որպես Ազգային ժողով, գիտե՞նք նման իրավիճակներում ինչ պետք է անենք, ինչն ենք պակաս արել, թե՞ մենք կատարյալ ենք: Կարողանո՞ւմ ենք բոլորս միասին, որպես խորհրդարան, արձանագրենք ու բարձր ասենք, որ՝ մարդի՛կ, անկեղծ ասած՝ մենք էլ պատրաստ չէինք ու շատ դեպքերում ուղղակի խելքներիս ինչ փչել է, այն էլ արել ենք: Թե՞ շարունակում ենք հրապարակավ ինքներս մեզ գովալ՝ մի տեսակ քաղաքական սելֆիի պես բան անել»,- ասաց Թ.Պողոսյանը:

Ըստ նրա` հարցերը շատ են, օրինակ` Ազգային ժողովում քանի՞ հոգի այնքան անգլերեն գիտի, որ ամոթ չի լինի Ալ-ջազիրայի ուղիղ եթեր ուղարկել, իսկ քանի՞ հոգի առանց ակցենտի ռուսերեն գիտի, գիտե՞ն այդ մարդիկ, թե իքս պահին ոնց են գոռալու ՌՏՌ-ի եթերում. «Եթե չբարձրացնենք այս հարցերն ու պատասխաններ չտանք, հաստատ հաջորդ իքս պահին էլի անելու ենք այն, ինչ մտքներիս այդ պահին կգա, իսկ հաջորդ իքս պահից հետո էլի կսկսենք բղավել. «տղե՛րք, մեզ էլ խաղացրեք»»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս