«Արցախի համար կարևորագույնն անվտանգությունն է և դրա հետ կապված երկու բաղադրիչ». Դավիթ Բաբայանը` Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին

«Արցախի համար ամենակարևորն անվտանգության հարցն է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` «Bloomberg»-ին տված հարցազրույցին: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ պատերազմը կարող է «ցանկացած պահի» բռնկվել Կովկասի թեժ կետում՝ Լեռնային Ղարաբաղում, և, որ կան հակամարտության կարգավորման համար բանակցությունների փոքր հեռանկարներ: Նրա խոսքով՝ Հայաստանի համար «խելամիտ» չէ՝ առանց անվտանգության երաշխիքների վիճելի տարածքների շուրջ, վերադառնալ Ադրբեջանի հետ բանակցություններին, քանի որ «ներկայումս իրավիճակը բացարձակապես այլ է»:

Դավիթ Բաբայանը, խոսելով հարցազրույցի գլխավոր թեզերից և պնդումից, թե բանակցություններն այս փուլում խելամիտ չեն, ասաց, որ Ադրբեջանն իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում և բանակցությունները փակուղի է մտցրել: Սա, նրա խոսքով, չի նշանակում, թե գործընթացն ամբողջությամբ տապալվել է, բայց այն գրեթե փակուղու մեջ է, որովհետև իր գործողություններով Ադրբեջանն այդ նույն բանակցային գործընթացի տրամաբանությունը, ինքնին գործընթացը կոպտորեն խախտում է:

«Եթե ադրբեջանական դիվանագիտությունը սկսում է ինչ-ինչ փաստաթղթեր շրջանառության մեջ դնել, Հայաստանին մեղադրելով 1994թ. զինադադարի պայմանագիրը տապալելու և անհեթեթությունների մեջ, պարզ է, որ ներկայումս մեծ աշխատանք պետք է տանեն միջնորդ երկրները և վերակենդանացնեն բանակցային գործընթացը, և որպես առաջնային հարց՝ այստեղ պետք է անվերապահորեն պահպանվի զինադադարի ռեժիմը: Եթե Ադրբեջանը չի պահպանում այն, այդ դեպքում բանակցություններն իրենց իմաստը կորցնում են, այդ ժամանակ բանակները պետք է մեկը մյուսի դեմ գործեն, բայց մենք նման «բանակցությունների», երբ զինված ուժերն են ցույց տալիս իրենց հզորությունը, դեմ ենք, հասկանալով, որ դա խաղաղ գործընթացի լուծում չէ, այս հարցը պետք է կարգավորվի և չունի ռազմական լուծում: Հետևաբար՝ պետք է Ադրբեջանին կարգի հրավիրել, որպեսզի նա հարգի իր ստանձնած պարտավորությունները, եթե չի հարգում և շարունակում է իր ապակառուցողական ահաբեկչական քաղաքականությունը, ապա բնական է, որ միջազգային հանրությունը կանգնելու է շատ բարդ իրավիճակի առջև»,- նման տեսակետ հայտնեց Դավիթ Բաբայանը:

Անդրադառնալով Կազանի փաստաթուղթը վերակենդանացնելու ռուսական փորձերի մասին հրապարակումներին և հարցին, թե արդյո՞ք ներկայումս հայկական կողմերի համար ընդունելի են այդ առաջարկները, Դավիթ Բաբայանն ասաց, որ այդ գործընթացում Արցախը մասնակից չի եղել, թեև Արցախը միշտ ասել է, որ պետք է մասնակցի այդ գործընթացներին և ոչ թե՝ միանա դրան ինչ-որ մի պահից և հետո ասի, թե այն չի գոհացնում: «Մենք պետք է մասնակցենք հենց սկզբնական փուլից` քննարկումներից, մտքերի փոխանակումից, մինչև ինչ-որ փաստաթղթերի պատրաստում, այդտեղ մենք չկայինք Ադրբեջանի մեղքով: Ասում ենք մեկ բան, որ հասկանում ենք` հակամարտության կարգավորումը նաև փոխզիջումներ է պահանջում, բայց երբեք միակողմանի զիջում չի կարող լինել:

Ավելին, ի՞նչ զիջումների մասին կարելի է խոսել ահաբեկչական պետության հետ: Մենք միշտ ասել ենք, որ Արցախի համար առաջնայինն անվտանգության խնդիրն է, դրա մեջ մենք հասկանում ենք մեր կարգավիճակը, այսինքն` Ադրբեջանը պետք է ընդունի, որ Արցախն անկախ պետություն է, պետք է համակերպվի դրա հետ, սա բացարձակապես ենթակա չէ շահարկումների:

Մեր անվտանգության մյուս կարևորագույն բաղադրամասն այնպիսի սահմանների առկայությունն է, որը թույլ կտա մեզ լրիվությամբ ապահովել մեր անվտանգությունը, և, եթե Արցախը դիտարկում ենք՝ որպես Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, ապա այդ սահմաններով նույնիսկ գայթակղիչ է դառնում հարձակում գործել նման սուբյեկտի դեմ` անկլավային, որն ի վիճակի չէ ինքն իրեն պաշտպանել: Տեսնո՞ւմ եք` ինչ է անում Ադրբեջանը, երբ մեկ ժամով դիվերսիոն խումբ է մտնում Թալիշ գյուղ, խոշտանգվում են ծերեր, մեր զինծառայողների գլուխը կտրած՝ գյուղերով մեկ ցույց են տալիս: Մտածենք, որ Ադրբեջանը չի՞ հարձակվելու մեզ վրա: Իհարկե, հարձակվելու է, որովհետև նույնիսկ այս իրավիճակում պահն անգամ բաց չի թողնում, որպեսզի ինչ-որ մի ստոր քայլի դիմի: Առաջնայինը, որպեսզի այս հարցում մենք ունենանք գոնե ինչ-որ առաջընթաց, պետք է անվերապահորեն պահպանվի զինադադարի ռեժիմը, որովհետև, եթե սկսվում են պատերազմական գործողություններ, ապա որևէ բանակցություն չի կարող լինել, այս դեպքում լինելու է մինչև վերջ` հասնելու ենք մինչև Բաքու»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Հարցին, թե ինչո՞վ է բացատրում գիշերն Ադրբեջանի ինտենսիվ ակտիվությունը շփման գծում, ասաց. «Որպես խթան՝ եղել է էրդողանի այցը Բաքու, որովետև այնտեղ նույնպես նրանք այնպիսի հայտարարություններ արեցին, որոնցից հետո միջազգային հանրությունը պետք է մի լուրջ արձագանք տա նույն Թուրքիայի հայտարարություններին և պահվածքին: Սա զուգադիպություն չէ, որովհետև նման զուգադիպություններն այնքան շատ են, որ չի կարելի դրանք դիտարկել՝ որպես լոկ պատահականություն, սա մշակված քաղաքականություն է, որը նրանք վարում են: Մենք պետք է միջազգային հանրության հետ աշխատենք, որպեսզի Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքը փոխվի»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն աշխատանքային այցով Ադրբեջանում էր երեկ:

Տեսանյութեր

Լրահոս