Հանրային պահանջ. Միլիարդավոր դոլարները հետ վերադարձերք հանրությանը
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հայտարարությունն ԱԺ-ում
«Ադրբեջանի հարձակումը Արցախի Հանրապետության դեմ օրակարգային դարձրեց Հայկական զինված ուժերի սպառազինության արդիականացման հարցը, որը ռազմատեխնիկական բաղադրիչի ոչ բավարար լինելու հետևանք է: Այս պահին ժամանակավրեպ համարելով անդրադառնալը 80-ականների զենքով 2016 թվականին կռվելու բացահայտված իրողության հիմնավոր քննադատությունը` կարևոր նշանակություն է ստանում ներկա պատերազմական իրադրության պայմաններում Հայկական զինված ուժերի սպառազինության արդիականացումը:
Երբ այս օրերի ընթացքում կոչ էր արվում միասնության, «անպարտելի համախմբման» և այլն, դրանք հիմնական կյանքի կոչողը եղավ հանրությունը` իր ինքնակազմակերպվածության և գործնական հայրենասիրության շնորհիվ: Հերթը իշխանությանն է, որն այս պատերազմական օրերին առնվազն պարտավոր է միջոցներ տրամադրել` հնարավորինս արդիականացնելու բանակի սպառազինությունը և իրական տեսանելի աջակցություն ցուցաբերել մեր զոհված և վիրավոր բոլոր զինծառայողների և կամավորների ընտանիքներին:
Այո՛, հայ հասարակությունը և հայ զինվորը այսպիսի էքստրեմալ պայմաններում հանդես եկավ հերոսաբար: Հայ զինվորը զոհաբերեց իրեն պատկանող միակ անգին ունեցածը՝ իր կյանքը: Մեր իշխանավորների հարստությունը գնահատվում է միլիարդավոր դոլարներ, եկել է ժամանակը նաև նրանց կողմից ցույց տալու իրենց պարտադիր բաժին մասնակցությունը այս պատերազմում:
Այդ հրատապ հրամայականի ներքո իշխանավորները՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաները և նրանց ընտանիքների անդամները, որոնց թիվը կազմում է շուրջ հինգ հարյուր մարդ, ովքեր անհիմն, ապօրինի հարստացել են, պարտավոր են օր առաջ հանրությունից հափշտակած միջոցները՝ միլիարդավոր դոլարները, հետ վերադարձնել հանրությանը:
Բազմաթիվ լրջագույն ձախողումներ արձանագրած ոչ օրինակարգ իշխանությունը, եթե լրջություն չցուցաբերի այս կարևորագույն հարցում, չհամալրի հայկական զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ, ապա պետք է սպասի ոչ միայն արտաքին ռազմաճակատում հերոսության արձանագրմանը, այլև ներքին ճակատում արդարության վերականգնմանը»: