Արայիկ Հարությունյանը Մարտակերտում ծանոթացել է հակառակորդի կողմից հրետակոծության հետևանքներին
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ապրիլի 26-ին մեկնել է Մարտակերտ շրջկենտրոն և տեղում ծանոթացել ապրիլի 25-26-ի գիշերը հակառակորդի կողմից հրետակոծության հետևանքով բնակավայրի կրած վնասներին:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ վարչապետը շրջայց է կատարել Մարտակերտ քաղաքում, եղել է այն թաղամասերում, որտեղ հրետակոծությունից տուժել են առանձնատներ և քաղաքային նշանակության օբյեկտներ: Այնուհետև, շրջանի պատասխանատուների մասնակցությամբ, վարչապետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ քննարկվել են ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Ա. Հարությունյանը դատապարտել է ադրբեջանական կողմի շարունակվող ագրեսիան և նշել, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, բնակավայրում մտցված արտակարգ դրությունը դեռևս կպահպանվի: «Մենք վճռական ենք մեր քաղաքականության մեջ և թշնամու ագրեսիվ գործողություններին տվել ու տալու ենք համարժեք պատասխան:
Ինչ վերաբերում է բնակիչների կրած կորուստներին, կառավարությունը շարունակելու է գույքագրել դրանք, որպեսզի տրվեն համապատասխան փոխհատուցումներ»,- ասել է վարչապետը: Գործադիր իշխանության ղեկավարին այցի ընթացքում ուղեկցում էին քաղաքաշինության և էկոնոմիկայի նախարարները: