Բաժիններ՝

«Հրամանատարն ասաց՝ ձեր տղան ամենալավ զինվորներց է, քաջաբար է ծառայում»

asparez.am. 20-ամյա Ռաֆիկ Հակոբյանը քառօրյա պատերազմի առաջին զոհերից է, ԼՂՀ-ում էր ծառայում` Թալիշի զորամասերից մեկում: Հակառակորդի առաջին հարվածի` ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունների կասեցման ժամանակ է զոհվել:

-Կարմրաշենում էինք ապրում, բայց վերջին տարիներին Լենինգրադ էինք տեղափոխվել, որ աշխատենք, կարողանանք երեխաներին պահել: Դեռ 18 տարին չլրացած՝ Ռաֆիկս Հայաստան վերադարձավ, որ գնա ծառայի: Շատ գոհ էր ծառայությունից: Ամռանը գնացել էինք զորամաս` նրան տեսնելու, հրամանատարն ասաց՝ ամենալավ զինվորներց է ձեր տղան, քաջաբար է ծառայում,- ասում է Ռաֆիկի մայրը` Նաիրա Մանուկյանը:

Ռաֆիկը բանակ էր զորակոչվել 2014թ հունիսին, հետախույզ էր: Ծնողների հետ վերջին անգամ ապրիլի 1-ին էր խոսել, ասել էր՝ դիրքեր է բարձրանում:

-Շատ բարձր էր տրամադրությունը, ասաց՝ մա՛մ ջան, վերջին անգամ եմ դիրքեր բարձրանում, սրանից հետո զորավարժությունների ենք լինելու, ու կգամ: Մինչեւ ապրիլի 3-ը լուր չունեինք նրանից, անհանգիստ էինք: Որ զանգելու հետ կապված խնդիր էր լինում, միշտ նախօրոք զգուշացնում էր, բայց այս անգամ ոչինչ չասաց: Հետո իմացանք, որ ադրբեջանցիները հարձակվել են հենց իրենց պոստերի վրա: Ռաֆիկս նահանջող տղա չէր, նա պետք է մինչեւ վերջ կռվեր,- ասում է տիկին Նաիրան:

Նրա խոսքով` 8-րդ դասարանն ավարտելուց հետո Ռաֆիկը հայրենի Կարմրաշեն գյուղից մեկնել էր ՌԴ՝ ծնողների մոտ՝ աշխատելու եւ բազմանդամ ընտանիքի հոգսը փոքր-ինչ թեթեւացնելու հույսով:

-Խեղճ ընտանիք են, ծնողները մի քանի տարի է` Ռուսաստան էին գնում գալիս, ինքն էլ զրկանքներով, դժվարություններով մեծացած երեխա էր: Բայց դուխը տեղն էր, մտածում էր` երկու ամսից ծառայությունն ավարտի, գա, իրենց բիզնեսը դնի, ծնողներին թեւ ու թիկունք լինի,- ասում է Կարմրաշենի գոյւղապետի տեղակալը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս