Այսօր ամենակարևորը Ղարաբաղում խաղաղություն ապահովելն է, քանի որ հակառակ դեպքում Կովկասում շատ մեծ պատերազմ կլինի. Բորդյուժա
Հայաստանը չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)՝ խնդրելով օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացման ժամանակ: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Ոչ մի խնդրանք չի եղել»,- ասել է Բորդյուժան՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Նա հավելել է, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ շփումների ժամանակ իրեն հասկացրել են, որ «Հայաստանը, մեծ հաշվով, գործի չի դրել պոտենցյալի մեծ մասը, որը ունի», այդ պատճառով էլ ոչ մի խնդրանք չի եղել:
Միաժամանակ, Բորդյուժան դրական պատասխան է տվել լրագրողի հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը, համաձայն միջազգային իրավունքի, չի հանդիսանում Հայաստանի մաս, որ ՀԱՊԿ ուժերը կարող են գալ պաշտպանելու Հայաստանին միայն նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա հարձակման դեպքում: «Այո´, դուք ճիշտ եք»,- հայտարարել է նա:
Միաժամանակ, նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շրջանում իրավիճակը մեծ նշանակություն ունի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության ապահովման համար:
«Եթե կրկնություն լինի (ռազմական գործողությունների), կգա մի պահ, երբ մենք կհետևենք ուղիղ և ակտիվ զինված հակամարտության, ինչը «կպայթեցնի» ողջ Կովկասը: Այդ ժամանակ այդ հակամարտությունում շատ պետություններ կներգրավվեն, ու դա կառնչվի շատ ժողովուրդների: Դա շատ լուրջ է, կարծում եմ, որ այսօր ամենակարևորն այնտեղ խաղաղություն ապահովելն է, քանի որ հակառակ դեպքում Կովկասում շատ մեծ պատերազմ կլինի: Ես դա չէի ցանկանա»,- հայտնել է Բորդյուժան: