«Հայաստան» հիմնադրամն Արցախին նվիրատվության կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը
«Հայաստան» համահայկական հիմնադրամն ուղերձ է հղել համայն հայությանը, որում կոչ է անում համախմբվել և նվիրատվություններ ուղղել Արցախին: Ուղերձում ասված է.
«Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական բանակը լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ՝ նպատակ ունենալով բնաջնջել արցախահայությանն ու բռնի ուժով տիրանալ մեր պատմական հողերին: Քառօրյա ռազմական գործողությունների ընթացքում թշնամին օգտագործեց իր ունեցած գրեթե բոլոր զինատեսակները, ներառյալ ծանր հրետանի և օդուժ: Թիրախ դարձան ոչ միայն մեր մարտական դիրքերը, այլեւ խաղաղ բնակավայրերը՝ Թալիշը, Մատաղիսը, Մարտակերտը և այլ համայնքներ շփման գծի երկայնքով:
Հայ զինվորի սուրբ արյան գնով կասեցվեց հարձակումը: Տալով հարյուրավոր զոհեր՝ թշնամին նահանջեց չհասնելով իր հանցավոր նպատակներին: Անմահացան բազմաթիվ հայորդիներ: Փառք ու պատիվ նրանց հայրերին, ուժ ու կորով նրանց մայրերին…
Որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացման եւ հզորացման անմիջական մասնակից եւ աշխարհասփյուռ հայության գործնական միասնականությունը խորհրդանշող ներկայացուցչական մարմին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հայությանը դիմում է Արցախի շուրջ համախմբվելու կոչով: Այսօր Արցախը ձեր անմիջական աջակցության կարիքն ունի լուծելու մարդասիրական և ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված հույժ կարեւոր խնդիրներ:
Ձեր նվիրատվությունները կարող եք փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարներին, կատարել առցանց https://donate.himnadram.org/ և կամ կանխիկ նվիրատվություն՝ այցելելով Հիմնադրամի գրասենյակ: Ծրագրերն ազատվում են վերադիր ծախսերից»: