«Ադրբեջանը պետք է բավարարված զգա, որ հաջողել է բանակցություններից հեռացման հարցում». Կիրո Մանոյան
«Ադրբեջանը ձախողվեց ռազմական ճակատում, բայց այն, որ ուզում էր` բանակցությունները տապալվեն, հաջողվեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը ցանկանում է արձանագրել, որ 1994 թվականի պայմանագիրն ուժի մեջ չէ, այլ նոր բանավոր ձեռք բերված պայմանավորվածությունն է ուժի մեջ. «Ադրբեջանը փորձում է կռիվներից հետո ԼՂՀ-ին դուրս մղել բանակցությունների սեղանից: Երկրորդ կարևոր հարցն այն է, որ ադրբեջանցիները դժգոհ են բանակցային գործընթացից: Ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը նա մշտապես այլ կերպ է մեկնաբանում` փորձելով այս կռիվներով տապալել բանակցությունները: Ադրբեջանը պետք է բավարարված զգա, որ հաջողել է բանակցություններից հեռացման հարցում»:
Հարցին՝ երբ ասում եք՝ Ադրբեջանին հաջողվեց բանակցությունները տապալել, սա նշանակո՞ւմ է, որ հայկական կողմը պարտվեց, Կ. Մանոյանը չհամաձայնեց՝ ասելով. «Այդպես չի կարելի ասել, որովհետև բանակցությունները լրիվ տապալված չեն, այսինքն՝ միջնորդները դեռ փորձում են, որ բանակցությունները սկսեն, բայց այն, որ վաղը բանակցություններ չեն կարող տեղի ունենալ, կարծում եմ, մեկ ամսից էլ բանակցություններ չեն կարող տեղի ունենալ, այսինքն՝ մոտ ապագայում բանակցություններ պետք չէ ակնկալել, այդքանով Ադրբեջանը հաջողել է, բայց դա արել է ոչ թե՝ որովհետև մենք ինչ-որ բան սխալ արեցինք, այլ՝ պատերազմի պատճառով, այսինքն՝ պատերազմով փորձեց դիվանագիտություն վարել, որը շարունակություն չունի: Եթե մենք ճիշտ քաղաքականություն վարենք, դա կարող է նաև իր դեմ շուռ գալ, բայց այդ աշխատանքը պետք է ակտիվ տարվի»: