
Մենք ակտիվորեն պատրաստվում ենք բանակցությունների մեկնարկին, սակայն դրանք սկսելու որոշումը կախված է նախագահներից. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան ամրապնդել է ապրիլի 5-ի հրադադարի ռեժիմը: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Վերջինս ասել է, որ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են արել անհապաղ բանակցություններ սկսել՝ հասնելու բազմակողմ խաղաղության համաձայնագրին: «Մենք ակտիվորեն պատրաստվում ենք բանակցությունների մեկնարկին, սակայն դրանք սկսելու որոշումը կախված է նախագահներից: Մենք հավատում ենք, որ բանակցային սեղանի շուրջ շուտափույթ նստելը բխում է կողմերի շահերից»:
Ուորլիքը նաև անդրադարձել է համանախագահների դերին՝ կապված ԼՂ հակամարտության շփման գծում զոհված զինծառայողների մարմինների փոխանակման հետ:
«Տարածաշրջան այցի ժամանակ մենք հանդիպել ենք Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ, քննարկել մարմինների փոխանակման հարցում օգնության ցուցաբերման հարցը: Մենք ողջունում ենք Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանն ու ԵԱՀԿ Մոնիթորինգային առաքելությանը, որոնք իրագործեցին այդ մարդասիրական ակցիան, ինչպես նաև կողմերին, որոնք տվեցին իրենց համաձայնությունը: Որքան մեզ հայտնի է, բոլոր մարմիններն արդեն վերադարձվել են»,- հայտարարել է Ուորլիքը: