«Կարելի է գտնել մի կորած-մոլորած երկիր, որտեղ 75/25 լինի». Ալեքսանդր Արզումանյան
Այսօր ԱԺ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն ընդգծեց, որ շատ կարևորում է միասնական փաստաթղթով քվեարկությունը: «Դեռևս ժամանակ կա, կարող ենք աշխատել»,- ասաց նա: Ա.Արզումանյանն առաջարկեց, որ համապետական և տարածքային ցուցակների 75/25 հարաբերություն լինի, այսինքն` 75%-ը համապետական ցուցակով լինի, 25%-ը` տարածքային, իսկ հետագայում դա կարող է 50/50 դառնալ:
Պատգամավորը նշեց, որ անձնագրի վավերականությունը եթե չկա, և թույլատրվում է ընտրել, դա անհամաչափ իրավունք է. «Ձև կա՞, որ թույլ չտանք վավերականությունն ավարտված անձնագրով քվեարկեն»,- հարցրեց նա: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ կարող է՝ անձը 2 օր հետո փոխում է անձնագիրը:
Նրա խոսքով` գյուղերում խնդիր կա, որ, եթե անձի անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, և նա նորը չի ստացել, նրան չզրկեն կենսաթոշակից, և կառավարությունը նման որոշում է պատրաստում: Ըստ Դ.Հարությունյանի` գյուղերում շատերն իրենց ID քարտն օգտագործելու են՝ միայն կենսաթոշակ ստանալու և ընտրություններին մասնակցելու ժամանակ: Նա նշեց, որ, եթե անվերահսկելի փաստաթղթեր ներկայացվեին, գուցե կհամաձայներ, բայց վերջին վավերական փաստաթղթի համարը նշված է ռեգիստրում:
Ցուցակների 75/25 հարաբերությունը, Դ.Հարությունյանի կարծիքով, կարժեզրկի ընտրությունները, քանի որ ստացվում է՝ մարզային ամեն ընտրատարածքում 2 մանդատ կբաժանվի, ինչը քիչ է, որպեսզի ներքևներում ակտիվ մրցապայքար լինի. «50%-ը եղել է այն նվազագույն թիվը, որ աշխարհի տաբեր մոդելներում առկա է»: Ա.Արզումանյանը հակադարձեց, որ, երբ հարմար է` վերցնում են մեկ երկրի օրինակ, որը տարածված չէ, երբ ոչ, ասում են` գտեք նման երկիր: «Կարելի է գտնել մի կորած-մոլորած երկիր, որտեղ 75/25 լինի»,- ասաց նա: