«Քաղաքական ուժերը միմյանց հետ հարաբերվում են «мордобой»-ով». Նաիրա Զոհրաբյան

Այսօր ԱԺ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ի սկզբանե վստահ էր, որ «4+4+4» ձևաչափով քննարկումները կտապալվեն: «Քաղաքական ուժերը մեզանում առաջանորդվում են բացառապես այլ քաղաքական մոտիվացիաներով»,- ասաց Ն.Զոհրաբյանը` հավելելով, որ որոշ քաղաքական ուժեր աշխատում են ֆեյսբուքյան օգտատերերի վրա, թե ինչ կգրեն նրանք, իսկ միմյանց հետ հարաբերվելու միակ եզրույթը մնացել է «мордобой»-ը:

Նա առաջարկեց տեղամասերում նկարահանումների և միասնական ընտրական փաստաթղթի համար, բոլոր քաղաքական ուժերով, դիմել դոնոր կազմակերպություններին: Սակայն, ըստ Ն.Զոհրաբյանի, եթե անգամ ունենանք ամենաիդեալական օրենսգիրքը, գտնվելու են այն շրջանցելու տարբերակները, եթե իրապես չկա մտադրություն գոնե մեկ անգամ մեր երկրում անցկացնել ազատ և արդար ընտրություններ. «Այնպես որ, մեզ համար այդ բոլոր առաջարկները վերին ատյանի ճշմարտություն չեն՝ այն պարզ պատճառով, որ, եթե դրանք դուք ընդունեք էլ, միևնույն է, պետք է տեսնենք՝ այդ քաղաքական կամքը կա՞՝ ազատ և արդար ընտրություն անցկացնելու»: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ, իհարկե, կարելի է փայլուն ընտրություններ անցկացնել, բայց, երբ կա կասկածամտություն, պետք է ապացուցել, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Նա նշեց, որ այս ընտրական գործընթացում, բացառությամբ կամարտահայտության պահի, երբ ընտրողն իր ձայնը տալիս է այս կամ այն թեկնածուին, փորձելու են անել ամեն ինչ, որ մասնակիցն իմանա` ամեն ինչ բացահայտվելու է, յուրաքանչյուր կտրոնի վրա տպում են անգամ ժամը, և քաղաքական կամքն առկա է հենց այդ առումով. «Մենք դնում ենք բազում արգելափակոցներ»: Դ.Հարությունյանը համաձայնեց դիմել միջազգային կառույցներին` աջակցություն ստանալու համար հետևյալ 4 կետերի համար` ընտրողների գրանցման սարքեր, ծրագրային ապահովման կամ ծառայություն մատնահետքերի համադրման, տեսանկարահանում տեղամասերում և ամբողջ հանրապետությունում ընտրողներին ID քարտերի տրամադրում. «Մեր կողմից երաշխավորում եմ` իշխանական թևը պատրաստ է ստորագրել այդ թղթի տակ»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս