Ռուբեն Վարդանյանի համար կարևոր չէ, թե ինչ է ասում Օբաման հայերի մասին

Հայոց ցեղասպանության հարցը թուրք ազգի խնդիրն է: Այս մասին «Ավրորա» մրցանակի և 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը նշեց մրցանակաբաշխության ամփոփմանը նվիրված ասուլիսին` պատասխանելով միջազգային լրատվամիջոցներից մեկի հարցին, թե ինչպես է վերաբերում այն փաստին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացավ, սակայն այդպես էլ չարտասանեց «ցեղասպանություն» բառը:

«Քանի դեռ թուրքերը հերքում են դա, նրանք խնդիրներ կունենան: Ինձ համար այդքան էլ կարևոր չէ, թե ինչ է ասում Օբաման իմ ժողովրդի մասին: Մենք ասում ենք, որ մենք ուժեղ ենք, ողջ ենք, բայց մենք երբեք չենք մոռանա: Ինձ համար կարևոր չէ` ով ինչ է ասում: Մենք գիտենք, որ Ցեղասպանությունը եղել է: Թուրքերի համար իրավիճակը շատ բարդ է, քանի որ Հայոց ցեղասպանության հերքումը նրանց զրկում է առաջ շարժվելու հնարավորությունից »,- նշեց նա:

Նա նաև շեշտեց, որ մենք` հայերս, չպետք է մտածենք միայն մեր մասին, չպետք է սահմանափակվենք մեր խնդիրներով, այլ պետք է խորհենք նաև այն մասին, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում:

Նշենք, որ «Ավրորա» մրցանակի դափնեկիր է դարձել Բուրունդիի Խաղաղության տան (Maison Shalom) խնամքի տան և Rema հիվանդանոցի աշխատակից Մարգարիտ Բարանկիցեն: «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովը կարեւորել է Մարգարիտ Բարանկիցեի արարքների բացառիկ ազդեցությունն ու նշանակությունը. նա վտանգելով իր կյանքը փրկում է մարդկանց՝ նրանց տալով գոյատեւելու եւ բարօրության հասնելու հնարավորություն:

Բարանկիցեն մեծացել է Արեւելյան Աֆրիկայի Բուրունդի պետությունում, աշխատում է Բուրունդիի Խաղաղության տուն (Maison Shalom) խնամքի տանը և Rema հիվանդանոցում: Նրա համար դժվար է հավատալ, որ իր առաքելությունն սկսելու պահից, նա օգնել է ավելի քան 20,000 որբ եւ կարիքավոր երեխաների։ Նա վերամիավորել է իրենց ընտանիքներից պատերազմի կամ բանտարկության հետեւանքով բաժանված երեխաներին, եւ նոր «տուն» է ստեղծել որբ երեխաների համար: Նրա աշխատանքը շարունակվում է. հիմա նա փորձում է ազատել Բուրունդիում բանտարկված երեխաներին եւ օգնել ապաստանել Բուրունդիի փախստականներին Ռուանդայում։ Մրցանակի դափնեկիրն ստացել է 100.000 ԱՄՆ դոլարի պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն. 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնոր հի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական երեք կազմակերպություններին։

The Aurora Prize for Awakening Humanity/«Ավրորա» մրցանակը 100 LIVES նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկն է։ Հիմնադիրները փորձում են ձեւավորել մարդասիրական համաշխարհային նոր շարժում։ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է մերօրյա այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով:

Տեսանյութեր

Լրահոս