«Մեր հրթիռահրետանային համակարգով կարող ենք ամբողջովին ոչնչացնել Բաքուն». Վաղարշակ Հարությունյան
«Եթե սկսվի պատերազմ, Ռուսաստանը պետք է աջակցի Հայաստանին, նա մտնում է Հայաստան, ինչը հաստատում է Թուրքիայի ասածը, որ Ռուսաստանը հակամարտության կողմ է: Եթե Ռուսաստանը չի մտնում, լրատվական պատերազմ են սկսում, թե՝ տեսեք, ռուսներն իրենց դաշնակցին չօգնեցին: Դրա համար փորձում են փոխել ՄԽ ֆորմատը»,- այսօրվա ասուլիսին այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Հարցին՝ ՀՀ ԶՈւ-ում խոսում են, որ հրադադարը կասեցրեց հայկական կողմի առաջընթացը, տրամաբանակա՞ն էր հրադադարը հաստատել հենց այն պահին, երբ մեր զորքերը պատրաստ էին առաջ գնալու, ու այդ դեպքում բանակցային սեղանի շուրջ կարող էինք ավելի ուժեղ նստել, Ադրբեջանին ստիպել, որ հարցի լուծումը մեր կողմից լինի, նա պատասխանեց. «Ոչ ոք չէր խանգարում, եթե մենք ուզենայինք առաջ գնալ: Դա եղել է նաև 1994թ., երբ հիմա մարդիկ հայտարարում են, որ սխալ փաստաթուղթ էր, մենք պետք է առաջ գնայինք, բայց 94-ի զինադադարը ճիշտ էր: Հիմա, երբ մարդիկ ասում են՝ ինչո՞ւ հրադադար կնքեցինք, ու մեղադրում են ռուսներին, ասեմ, որ այն ժամանակ հրադադարի պայմանագիր կնքել ենք չորս անգամ, բայց տեսել ենք, որ մեր շահերին չի համապատասխանում, ու առաջ ենք գնացել: Հիմա նույնպես, եթե մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը համարեր, որ պետք է առաջ գնանք, մենք կգնային: Բայց դուք ուզո՞ւմ էիք, որ մեր երեխաներն այնտեղ զոհվեին՝ անհասկանալի բաների համար: Ես անհրաժեշտություն չեմ տեսնում, որովհետև մեր խնդիրը լուծված է: Մի գյուղ վերցնելու համար մենք մեր երեխեքին զոհաբերե՞նք: Անիմաստ եմ համարում, որովհետև մեր ռազմաքաղաքական խնդիրը լուծված է: Որևէ պետություն ի վիճակի չէ մեզ կանգնեցնել, եթե մենք չուզենանք»:
Լրագրողի հարցին՝ բացառո՞ւմ եք նման ռազմական գործողությունների կրկնությունը, Վ. Հարությունյանը պատասխանեց. «Մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, և կնքված է զինադադար: Խախտումներ լինելու են, և ուշադիր նայեք, թե երբ են դրանք լինում. Ուկրաինայում սկսվեց պատերազմը, Ադրբեջանն այստեղ սկսեց, 2008թ., երբ Վրաստանում սկսվեց, իրենք ակտիվացան, այստեղ եզրակացություն ենք անում, որ Ադրբեջանն ինքնուրույն չի գործում, նա Թուրքիայի հետ միասին գործում է գլոբալ կոնտեքստով և օգտագործում է այն պահերը, երբ Ռուսաստանը զբաղված է ու չի կարող լիարժեք այստեղ գործել: Պատերազմ է գնում այս տարածաշրջանի համար»:
Դիտարկմանը՝ ստացվում է, որ երբ Ադրբեջանն ուզում է պատերազմ սկսել, մեր զինվորների արյունով պետք է պաշտպանվենք, բայց երբ ի շահ մեզ մի փոքր ուզում ենք առաջ գնալ, արդեն չենք տալիս, նա այսպես արձագանքեց. «Դուք ձևակերպում եք ոչ պրոֆեսիոնալ՝ ի շահ մեզ: Ի շահ մեզ այս գիծը պահելն է: Դուք որ խոսում եք, չեք տեսնում՝ իր հետևից դա ինչ է բերում: Եթե մենք 10 կմ առաջ գնանք, ապա ամբողջ շփման գիծը պետք է ուղղենք: Դա հսկայական աշխատանք է ենթարդում»:
Լրագրողի հարցերին՝ հիմա հետ ենք եկել ու փորձում ենք առաջ գնալ, ուղղել, նույն աշխատանքները չե՞ն տարվում, կամ ինչո՞ւ մենք նահանջեցինք, նա պատասխանեց. «Մի մտեք այդ դաշտ, որովհետև մենք պատերազմական իրավիճակում ենք: Մեր բանակը շատ հստակ ցույց տվեց, որ ապահովել է հաղթանակ»:
Անդրադառնալով հարցին, թե ինչու են հայկական զենքերն 80-ականների, նա ասաց.«Ադրբեջանի զենքի 70 %-ը նույն կերպ 80-ականների տեխնիկա է: 80-ականների տեխնիկա, չի նշանակում, որ վատն է: Այդքան ադրբեջանական տանկ ենք խփել, որոնք նույն 80-ականների են, երկու հատն է եղել ժամանակակից: Դրա համար այս թեմաները մասնագիտական ու պետական գաղտնիք պարունակող հարցեր են»:
Նա հավելեց՝ եթե մեր բանակը զգոն չլիներ ու առաջնագծում չտեսներ հակառակորդի շարժը, շատ տեղերում կկորցնեինք մեր դիրքերը. «Սա պատերազմ է, գիտություն չէ: Ես մեր բանակին վստահում եմ»:
Վերջում մեջբերում արեց գեներալ Ռոխլինի գրքից, որ մեր հրթիռահրետանային համակարգով կարող ենք ամբողջովին ոչնչացնել Բաքուն: Նրա խոսքով՝ այսօր էլ մենք ունենք այդ համակարգը, ինչը զսպում է Ադրբեջանին: