
ԱՄՆ. հանրապետականները միավորում են ջանքերն ընդդեմ Թրամփի

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուները միավորում են ջանքերը, որպեսզի Դոնալդ Թրամփին թույլ չտան հավաքել 1237 պատվիրակների ձայները, որոնք անհրաժեշտ են կուսակցության համագումարում ԱՄՆ նախագահի միասնական թեկնածուի ընտրության համար, հայտնում է Euronews-ը:
Նման հայտարարությամբ են երեկ հանդես եկել Տեխաս նահանգից սենատոր Թեդ Կրուզն ու Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիկը:
Իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ հանրապետական Թեդ Կրուզը հայտարարել է, որ հանրապետականների 65-70%-ը երկրում հասկանում է, որ Դոնալդ Թրամփը դեմոկրատ Հիլարի Քլինթոնի դեմ պայքարելու համար լավագույն թեկնածուն չէ: «Եթե Դոնալդ Թրամփը թեկնածու ընտրվի, ապա Հիլարին վճռական հաղթանակ կտանի»,- հայտարարել է սենատորը:
Թեդ Կրուզը և Ջոն Քեյսիկը զգալի հետ են մնում Թրամփից: Twitter-ի իր միկրոբլոգում Թրամփը մրցակիցների որոշումն անվանել է «հուսահատության ակտ»:
Հանրապետականների համագումարը պետք է անցկացվի հուլիսի վերջին: