
Թուրքիան կստեղծի ՀՀՊ համակարգ՝ ինտեգրված ՆԱՏՕ-ին

Թուրքիան սկսել է տարբեր հեռահարության հակահրթիռային համակարգերի մշակումը, որոնք ինտեգրվելու են ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իսմայիլ Դեմիրը, հայտնում է Hurriyet-ը:
Ինչպես թերթին տված հարցազրույցում հայտնել է Դեմիրը, 2015թ. Անկարան որոշել է մշակել իր նախագիծը և չեղյալ է հայտարարել ՀՀՊ համակարգի բաղադրիչների՝ 3,4 միլիարդ դոլար արժողության արտադրության հայտամրցույթը:
«Մենք շարունակում ենք փոքր, միջին ու մեծ հեռահարություն ունեցող համակարգերի մշակումները՝ աստիճանաբար ընդլայնելով դիապազոնը: Թուրքիան որևէ ուղիղ գնում չի կատարի, ընդ որում, մեր մշակած ՀՀՊ համակարգն ինտեգրվելու է ՆԱՏՕ-ի համակարգին: Կարծում ենք, որ ՆԱՏՕ-ի հետ համատեղ աշխատանքը կարագացնի գործընթացը»,- պատմել է պաշտոնյան:
Նա նաև հայտնել է, որ Անկարան գիտակցում է սեփական սպառազինությունների արտադրման անհրաժեշտությունը ու մտադիր է ավելացնել պաշտպանական արտահանումը 1,67 միլիարդ դոլարից՝ հասցնելով մինչև 25 միլիարդ դոլարի: