«Օրինակ վերցնել, իհարկե, կարող եք Անդրանիկ Մարգարյանից». Անահիտ Բախշյանի հորդորը՝ Տարոն Մարգարյանին
Այսօր քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ պարոն Մարգարյանը հանրակրթության վարչության պետին հանձնարարեց դպրոցների տնօրենների հետ աշխատանք տանել անչափահասների՝ հատկապես քաղաքական տրամադրություններ ունեցող միջոցառումներին մասնակցությունը չթույլատրելու ուղղությամբ:
Կարծում եմ՝ նկատի ուներ Շահեն Հարությունյանին և նրա տարիքի երիտասարդներին, ովքեր 17-18 տարեկան են, դեռևս դպրոցական ու նախանձելիորեն՝ համարձակ:
Ուրեմն հիշեցնեմ պարոն Մարգարյանին, որ Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանն ու իր շատ համախոհ երիտասարդներ Խորհրդային Հայաստանում այդ տարիքում արդեն պայքարում էին Հայաստանի անկախության գաղափարները տարածելու համար, և նրանց ցանած սերմերից, ի դեմ Շահենի, ծնվել են այն երիտասարդները, ովքեր շարունակում են իրականացնել ազատ ու անկախ Հայաստան պետության՝ Աշոտ Նավասարդյանի ու իր համախոհների տեսլականը, որը տարօրինակ կերպով չի համընկնում այսօրվա ՀՀԿ-ի տեսլականի հետ:
18 տարեկան այս երիտասարդներն են հուլիսին զորակոչվելու հայկական բանակ ու զենքով են պահելու իրենց արժանապատվությունը, ինչպես այսօր են անում:
Այնպես որ, նրանց ընդամենը կարող եք խելամտորեն ուղղորդել, պարոն Մարգարյան, Դուք չե՛ք կարող թույլատրել կամ չթույլատրել նրանց ունենալ իրենց համոզմունքները, իսկ օրինակ վերցնել, իհարկե, կարող եք Անդրանիկ Մարգարյանից:
Հ.Գ. Ի դեպ, այս գործակարգավարական խորհրդակցության ժամանակ պարոն Մարգարյանը հանձնարարեց անշարժ գույքի և սոցիալական վարչության պետերին ուսումնասիրել երևանաբնակ զոհված զինծառայողների բնակարանային պայմանները՝ բնակարանով նրանց ապահովելու նպատակով:
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ