Մեր թշնամին ընդամենը մի քանի օր առաջ Արցախում ապացուցեց, որ իր կեղտոտ տեսակը դարն էլ չի փոխում. Արամ MP3. Life.panorama.am
Life.panorama.am-ը զրուցել է երգիչ, հումորիստ Արամ MP3-ի հետ: Նրա նախնիները եւս Արեւմտյան Հայաստանից են եղել: Այսօր Արամը, ցավում է, որ շատ մանրամասների չի տիրապետում, բայց իմացած պատմությունն էլ արժեւորում է ու կարեւորում դրա փոխանցումը գալիք սերունդներին.
«Շատ բան չգիտեմ, պատմությունս փոքրիկ է, բայց եւ շատ թանկ: Հայրական կողմով մերոնց մի մասը Կարսից են եղել, մյուս մասը Նախիջեւանից: Պապիկս պատմել է, որ Հայոց ցեղասպանության ժամանակ իր նորածին հորեղբայրը խեղդվելով մահացել է. Երբ տանեցիներն արագ-արագ իրերն են հավաքել եւ տեղադրել կառքի վրա, այդ ժամանակ պապիս նորածին հորեղբայրը մնացել է այդ իրերի արանքում ու խեղդվել: Միայն պատկրացնելն արդեն սարսափելի է, միշտ մտածում եմ, թե ինչքան ծանր ու լարված իրավիճակում են եղել նրանք, որ անգամ նորածին փոքրիկին չեն նկատել ու դեռ ինչքան նման խեղված ճակատագրեր են եղել այդ ընթացքում»,- ցավով նշեց Արամն ու հայտնեց.
«Քանիցս փորձել եմ ավելի շատ մանրամասներ իմանալ արմատներիս մասին, բայց ցավոք, չի հաջողվել: Արդյունքում մնում է շատ խնամքով պահել ունեցած տեղկություններն ու փոխանցել հաջորդ սերունդներին: Տղաս դեռ փոքր է, իր նախնիների պատմության դաժան դրվագների մասին չգիտի, բայց երբ մեծանա անպայման անձամբ ինձնից կլսի, կտեղեկանա, որպեսզի ինքն էլ հետո փոխանցի մյուս սերունդներին. Սա ցավ է, որ ժամանակը չի բուժի ու մոռացնել չի տա»:
Իսկ զրույցի վերջում Արամը հույս հայտնեց՝ մի օր աշխարհն արդար դատավճիռ կընդունի.
«Մեր պարագայում լավատեսությունը մեծ ուժ է տալիս առաջ գնալու համար, ես հույս ունեմ, որ մի օր արդար դատավճիռ կլինի այս հարցի շուրջ, իսկ մեզնից կախված է այն, որ ինչպես մեզ են փոխանցել մեր պատմության մասին տեղեկություններն, այնպես էլ մենք դրանք փոխանցենք, քանի որ պայքարը մի սերունդով կանգ չի առնում: Իհարկե, նոր սերունդների մեջ ատելություն սերմնալն էլ ճիշտ չէ, սակայն անհրաժեշտ տեղեկատվության փոխանցմամբ՝ նոր սերունդներն էլ կիմանան, թե ինչպես զգուշանան թշնամուց, քանի որ մեր թշնամին ընդամենը մի քանի օր առաջ Արցախում ապացուցեց, որ իր կեղտոտ տեսակը դարն էլ չի փոխում»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: