Գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում ստացած պարտադիր ժամկետային զինծառայողը Վանաձորից էր

21.04.2016թ.՝ ժամը 07:00-ի սահմաններում, Մարտունի 3 զորամասի մարտական դիրքում, նախնական քննության տվյալներով՝ ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊՆ ժամկետային զինծառայող, 1997թ․ ծնված շարքային Սպարտակ Քալաշյանը։ Միջադեպի մասին պաշտոնական հաղորդագրություն տարածվել է միայն ապրիլի 22-ին։

Մահացած 19-ամյա Սպարտակը Վանաձորից էր, բանակ էր զորակոչվել 2015թ․ ամռանը։

Մինչ զորակոչվելը նախկինում որոշակի առողջական խնդիրների հետեւանքով ստացել էր տարկետում, իսկ հաջորդ զորակոչին՝ անցել զինվորական ծառայության: Զինծառայողների հարազատները ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցների այցի ժամանակ գրեթե տեղեկություն չեն ունեցել դեպքի մանրամասների մասին, ինչպես նաեւ չեն ունեցել որեւէ պաշտոնական տեղեկություն: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները ապրիլի 22-ի երեկոյան խոսել են Ս․Քալաշյանի հարևաններից մեկի հետ, որը նաև մահացած զինծառայողի դասընկերն է եղել։ Ըստ նրա՝ զինծառայողը ծառայությունից երբեք չի դժգոհել։ Հայրը երկրապահ կամավորականների ջոկատի անդամ է և հաճախ է այցելել զորամաս՝ որդուն տեսակցելու։

Ապրիլյան պատերազմական գործողությունների օրերին էլ կամավորական ջոկատի հետ մեկնել էր առաջնագիծ, հանդիպել որդու հետ և ընդամենը մի քանի օր առաջ էր վերադարձել: Դասընկերը նշել է, որ Ս. Քալաշյանի վանաձորցի համածառայակիցը, որը առաջինն է հայտնել Ս. Քալաշյանի մահվան մասին, ասել է, որ ծառայակիցներից մեկը զենքը մաքրելիս պատահաբար կրակ է արձակել: Դեպքի առնչությամբ ավելի ուշ ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 1-ին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Նախնական քննության տվյալներով՝ 21.04.2016թ.՝ ժամը 07:00-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ.Բարեյանը խախտելով զենքի հետ վարվելու կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգը մաքրելու ժամանակ կրակոց է արձակել, որի հետևանքով գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սպարտակ Քալաշյանը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Տեսանյութեր

Լրահոս