Բաժիններ՝

Միջադեպ՝ Գագիկ Եղիազարյանի, ոստիկանության աշխատակիցների և անձամբ Վլադիմիր Գասպարյանի միջև

Երեկ ապրիլի 24-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գագիկ Եղիազարյանի և ՀՀ ոստիկանության աշխատակիցների, և անձամբ ոստիկանապետ Վովա Գասպարյանի միջև տեղի է ունեցել միջադեպ Ցեղասպանության հուշարձանի տարածքում։ Գագիկ Եղիազարյանը հուշարձանից վերադառնալու ճանապարհին` տեսնելով, որ քաղաքացիական անձանց մի խումբ անարգել անցնում է դեպի Արզումանյան փողոց տանող ճանապարհով, որոշում է այդ երթուղով վերադառնալ, քանի որ նախապես իր մեքենան կայանված է լինում Արզումանյան փողոցում։

Սակայն, նա անմիջապես հանդիպում է ոստիկանական արգելքի և, երբ պահանջում է ոստիկաններից չսահմանափակել իր տեղաշարժի իրավունքը, նրանք պատասխանում են, որ նա պետք է վերադառնա ժողովրդի համար հատկացված ճանապարհով։ Գագիկ Եղիազարյանի այն հարցին, թե ինչպես է այլ քաղաքացիների թույլատրվում անարգել վերադառնալ նշված ճանապարհով և, թե ինչու է խտրական վերաբերմունք դրսևորվում իր անձի նկատմամբ, ոստիկանները պատասխանել են, որ այդ ճանապարհով թույլ է տրվում անցնել միայն պատվիրակությունների ներկայացուցիչներին։ Այն պահին, երբ Գագիկ Եղիազարյանը կրկին հարցապնդում է արել, թե ինչու է անմիտ կերպով դժվարացվում ժողովրդի ճանապարհը և ինչու է խտրականություն դրսևորվում պատվիրակությունների ներկայացուցիչների և ՀՀ քաղաքացիների միջև, նրան է մոտեցել ոստիկանական աշխատակիցների շքախումբը՝ ոստիկանապետ Վովա Գասպարյանի գլխավորությամբ։

Ոստիկանապետը Գագիկ Եղիազարյանի հետ խոսել է ոչ միայն սպառնալիքի լեզվով, այլ նաև բարոյականության սահմաններից դուրս արտահայտություններ է գործածել, որը հարիր չէ օրենքի և քաղաքացու իրավունքի ենթադրյալ պաշտպան ոստիկանին, առավել ևս այդ կառույցի ղեկավարին։

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Շտաբ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս