«Երբեք չպետք է մոռանանք մի ամբողջ մշակույթի ոչնչացման փորձը». Նենսի Փելոսի
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Նենսի Փելոսին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ մասնավորապես շեշտվում է, որ մոտ մե կ դար առաջ 1915թ-ից ի վեր շուրջ տաս տարիների ընթացքում ավելի քան 1.5 միլիոն անմեղ հայեր` երեխաներ, կանայք և տղամարդիկ, Օսմանյան կայսրության կողմից ենթարկվել են համակարգված կոտորածների ու ցեղասպանության:
«Այսօր մենք հիշում ենք այս դաժան, անմարդկային էթնիկ զտման շրջանը: Մենք պատվում ենք զոհերի հիշատակը` ճանաչելով անցյալը: Երբեք չպետք է մոռանանք մարդկային կյանքեր ոչնչացրած, համայնքեր արմատախիլ արած և մի ամբողջ մշակույթ ոչնչացնել փորձած այս արշավը»,- ասել է նա:
Փելոսին նաև ընդգծել է, որ շատ հաճախ պատմության ողբերգական հանցագործությունները արհամարհվում, փոքրացվում կամ ժխտվում են, սակայն ապագա սերունդների առջև մարդկության պարտքն է առերեսվել ցավոտ պատմությանը` առավել հուսալի ապագա ստեղծելու համար:
«Հիշատակի այս օրը մենք պետք է ընդունենք ճշմարտությունը: Մեր բարոյական պատասխանատվություն է ամեն օր յուրաքանչյուր համայնքում խոսել մոլեռանդության, խտրականության և ատելության դեմ, որոնք էլ հաճախ սնում են բռնությունը»,- ամփոփել է Նենսի Փելոսին: