Ռուսաստանից ժամանած բժիշկները Հայաստանում և Արցախում վեց վիրահատություն են կատարել
Ռուսաստանի հայ վնասվածքաբան-օրթոպեդների ասոցիացիայի չորս բժիշկներ Հայաստանում և Արցախում վիրահատել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վնասվածքներ ստացած վեց զինվորականների և քաղաքացիների:
Ասոցիացիայի անդամ, Մոսկվայի Պրիորովի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի վիրաբույժ-օրթոպեդ, բժշկական գիտությունների թեկնածու Գրիգոր Կարապետյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ասոցիացիայից այստեղ է եկել չորս բժիշկ, իսկ հետագայում մեկ բժիշկ կմնա Ստեփանակերտում և տեղեկատվություն կհաղորդի իրենց:
«Ըստ նրա տրամադրած տեղեկատվության`այստեղ կժամանեն բժիշկներ, մենք ֆինանսական և բժշկական օգնություն կցուցաբերենք հիվանդանոցներին: Այս անգամ հիմնականում բարդ ներհորդային վիրահատություններ են կատարվել, որոնք նեղ մասնագիտական մոտեցում են պահանջում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նա`հավելելով, որ բժիշկները վիրահատել են ոչ միայն զինվորականների, այլև մասնագիտությամբ օպերատոր քաղաքացու:
Ռուսաստանի հայ վնասվածքաբան-օրթոպեդների ասոցիացիայի անդամ, Մոսկվայի Յուդինի անվան 79-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժնի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Արտակ Մացակյանն էլ տեղեկացրեց, որ իրենց ասոցիացիան ստեղծվել է հայ ժողովրդին բարեգործական օգնություն ցուցաբերելու նպատակով:
«Վերջին դեպքերի հետ կապված որոշեցինք օգնություն ցուցաբերել մեր բանակին: Եղել ենք արցախյան հոսպիտալներում, իրականացրել ենք մի շարք վիրահատություններ: Այս պահին Ստեփանակերտում և Երևանում արվել է 6 վիրահատություն`ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ»,-շեշտեց նա`հավելելով, որ մայիսի կեսերին ևս երկու բժիշկ կգա Հայաստան և կմեկնի Արցախ:
ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վնասվածքաբանական բաժանմունքի պետ Լևոն Ժամագործյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Մոսկվայից ժամանած բժիշկները մեկ վիրահատություն են կատարել նաև իրենց բժշկական հաստատությունում:
«Կապիտան Հովհաննես Ավթանդիլյանը բավականին լուրջ հրազենային-բեկորային վնասվածք ուներ: Վիրահատությունն անցել է բարձր մակարդակով, վիրավորն իրեն լավ է զգում»,- նշեց Լևոն Ժամագործյանը`տեղեկացնելով, որ առաջիկայում ասոցիացիայի հետ համագործակցությունն ավելի կընդլայնվի:
ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վնասվածքաբանական բաժանմունքի պետի խոսքով`նմանատիպ վիրահատություններ Հայաստանում հաճախ են կատարվում:
«Եթե հետագայում լինեն բարդ դեպքեր, և մենք չկարողանանք վիրահատել, հիվանդներին կուղարկենք Մոսկվա կամ բժիշկները կգան այստեղ, հետո հսկողությունը կիրականացնենք մենք: Բոլոր վիրահատված հիվանդների վիճակը, բավարար է»,-շեշտեց նա: