Ավստրալահայերը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ կանցկացնեն
Ավստրալիայի հայ համայնքի ապրիլի 24-ի երեկոյան կազմակերպելիք միջոցառման հիմնական զեկուցողը կլինի ավստրալացի հայտնի ռազմական պատմաբան, «Հայաստան, Ավստրալիա և Մեծ Պատերազմը» գրքի համահեղինակ պրոֆեսոր Փիթեր Սթենլին: Ինչպես տեղեկացրին Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբից, միջոցառմանը ներկա են գտնվելու նաև մի շարք ավստրալացի օրենսդիր և գործադիր մարմնի ներկայացուցիչներ, հայտնի հասարակական-քաղաքական գործիչներ: Նրանց թվում են պատգամավորներ Ջոն Ալեքսանդրը, Թրենթ Ցիմերմանը, ԱՄՆ-ում Ավստրալիայի դեսպան Ջո Հոքին, սենատոր Լի Ռիանոնը, ինչպես նաև Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգապետ Մայք Բերդն ու նույն նահանգի ֆինանսաների նախարար Գլեյդիս Բերեջիկլյանը:
Սիդնեյում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումները տեղի կունենան հայտնի Կոնկորս սրահում: Միջոցառումներ կանցկացվեն նաև Մելբուրնում և Ավստրալիայի այլ քաղաքներում: