Բաժիններ՝

Խմեր Ռուժի «մահվան դաշտերում» վերապրածը Հայաստանին առաջարկում է լինել Ցեղասպանության կրթական ծրագրի առաջամարտիկ

Հայաստանը պետք է ողջ աշխարհում իր վրա վերցնի առաջնորդությունը` ստեղծելու ցեղասպանության մասին կրթական ծրագիր: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց Կամբոջայի տեղեկատվական կենտրոնի (DC-Cam) գործադիր տնօրեն, «Sleuk Rith» ինստիտուտի հիմնադիր և Խմեր Ռուժի «մահվան դաշտերում» վերապրած Յոուք Չհանգը, ով այս օրերին Հայաստանում է` մասնակցելու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին:

Նա նշեց, որ Հայոց ցեղասպանության մասին գիտի դեռևս 1970-ականների սկզբից` ավագ դպրոցից: Այն հարցին, թե ինչ կոչ կուղղի աշխարհին ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ` Չհանգն ասաց. «Ցեղասպանության մասին կրթությունը պարտադիր պայման է խաղաղության, բարգավաճման և մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Դա կկանխորոշի ոչ միայն անհատների, հասարակությունների ու երկրների, այլև ամբողջ աշխարհի հաջողությունը: Այս հարցում Հայաստանը պետք է իր վրա վերցնի առաջնորդությունը կամ միանա մյուս երկրներին, ովքեր անցել են ցեղասպանության միջով: Մենք պետք է օգտվենք հենց մեր` ցեղասպանության հետևանքով տուժածների հնարավորությունից` ստեղծելու աշխարհում առաջին ցեղասպանական կրթական ծրագիրը ողջ աշխարհի համար»:

Խմեր Ռուժի «մահվան դաշտերում» վերապրածը փաստեց, որ դա կարող է նաև կառուցել հաղորդակցության և փոխադարձ հարգանքի նոր կամուրջներ, ինչպես նաև հարթակ` առավել մեծ համագործակցություն, զարգացման և փոխանակման հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս