
Պան Գի Մունը սատարել է ԼՂ հարցով Մինսկի խմբի գործունեությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում աջակցություն է հայտնել ղարաբաղյան կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՀՀ նախագահի մամուլի ծառայությանը:
«Պան Գի Մունի նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը լիակատար աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը»,- ասված է հաղորդագրությունում:
Հեռախոսազրույցի ընթացքում Պան Գի Մունը «ափսոսանք է հայտնել, որ Երևան կատարելիք այցը հետաձգվել է չնախատեսված հանգամանքների բերումով»: Իր հերթին, Սերժ Սարգսյանը նշել է, թե հույս ունի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստան կայցելի համաձայնեցված նոր ժամկետում:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստան պետք է այցելեր ապրիլի 25-ին: Տարածաշրջանային այցի ընթացքում նա պետք է այցելեր նաև Բաքու և Վրաստան: