
«…Նրանք, ովքեր չեն սպանվել, մահացել են կիզիչ արևից». Նադյա Մուրադի

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից գերեվարություն վերապրած ազգությամբ եզդի Նադյա Մուրադի միակ երազանքն է, որ այլևս ոչ ոք չզգա այն, ինչ ինքն է զգացել: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին մասնակցող մարդու իրավունքների եզդի պաշտպանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գերությունից կարողացել է փախչել բարի մարդկանց շնորհիվ` դեմքը թաքցնելու միջոցով: «Ճամբարում հայ տնվելուց հետո ինձ հաջողվեց տեղափոխվել Գերմանիա, որտեղ էլ այժմ ապրում եմ: «Իսլամական պետության» զինյալները սպանել են իմ վեց եղբայրներին, իսկ մայրս և զարմուհիս, ովքեր փորձել են փախչել, պայթել են ականի վրա: Իմ երկու քույրերին և երեք եղբայրներին հաջողվել է փրկվել, նրանք այժմ ճամբարում են»,- ընտանիքի դաժան պատմությունը ներկայացրեց Նադյա Մուրադը:
Նրա խոսքով` 10 000 եզդի է գերի վերցվել ու սպանվել ահաբեկիչների կողմից: «Իսկ նրանք, ովքեր չեն սպանվել, մահացել են կիզիչ արևից: Նրանք Սիրիայի և Իրաքի սև շուկաներում վաճառել են մեր կանանց ու երեխաներին, բռնաբարել են, մեկ տղամարդուց մյուսի ձեռքն են փոխանցել»,- հուզմունքը հազիվ զսպելով` ասաց երիտասարդ կինը:
Նադյա Մուրադին ցավ է պատճառում հանգամանքը, որ իրենք այդ ամենի միջով անցել են ու ներկայում էլ անցնում են ամբողջ աշխարհի աչքի առջև: «1.5 տարուց ավելի է, որ մեր ազգը տառապում է, բայց ոչինչ չի արվում, որպեսզի նրանց օգնություն ցուցաբերեն: Մի՛ փակեք ձեր աչքերը մարդկային ողբերգությունների վրա, օգնե՛ք մարդկանց, անմեղ մարդիկ չպետք է տառապեն»,-ասաց նա:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ նա նկատեց, որ եթե այն ճանաչվեր, ապա նրան հաջորդող բոլոր ցեղասպանությունները տեղի չէին ունենա: Նադյա Մուրադի պնդմամբ` ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտւմը կարող է կանխարգելել այլ ցեղասպանության կրկնությունը: