
Սիրիայում կաթոլիկների համայնքն արդեն կարելի է վերացած համարել. ԱՄՆ գիտնական

Հոլոքոստի ու ցեղասպանագիտության հարցերով դոցենտ Էլայզա ֆոն Ջոյդեն-Ֆորջին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ընթացքում բարձրաձայնեց Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագությունների և դրանց կանխարգելման անհրաժեշտության մասին: Իր ելույթում Ջոյդեն-Ֆորջին ընդգծեց, որ Սիրիայում և Իրաքում եզդիները և քրիստոնեական փոքրամասնությունները ենթարկվում են ցեղասպանության, տեղահանվում են իրենց տարածքներից ու սպանվում: «Այս համայնքները Սիրիայում և Իրաքում շատ փոքր են, և նման վայրագություններից հետո դժվար կլինի դրանք կրկին վերականգնել: Հարկավոր է լուրջ քայլեր ձեռնարկել այդ ամենին վերջ դնելու համար»,- ընդգծեց նա:
Նրա խոսքով՝ «Իլսամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հստակ թիրախավորել են քրիստոնյաներին և այլ էթնիկ խմբերին ու զանգվածաբար կոտորում են նրանց: «Իրաքում եզդի և քրիստոնյա չափահաս տղամարդկանց գլխատել ու գնդակահարել են, իսկ երեխաներին, կանանց բռնաբարել ու սպանել: Շատերն այսօր գտնվում են ստրկության մեջ»,- հավելեց Էլայզա ֆոն Ջոյդեն-Ֆորջին:
Նրա խոսքով՝ Սիրիայում կաթոլիկների համայնքն արդեն կարելի է վերացած համարել, քանի որ նրանց մի մասը սպանվել, իսկ մյուս մասը գաղթել է: «Սիրիայի կաթոլիկների արքեպիսկոպոսն ինձ ասել է, որ այդ համայնքը կարելի է վերացած համարել, քանի որ մինչ սիրկական ճգնաժամը Սիրիայի տարածքում 50 հազար կաթոլիկ է ապրել, իսկ ներկա պահին մի մասը փախել է Սիրիայից կամ սպանվել»,- եզրափակեց Ջոյդեն-Ֆորջին: