
Ռուսական բանակային օդուժի երիտասարդ օդաչուները վարժական թռիչքներ են սկսել Հայաստանի լեռներում

Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ռազմաբազայի Մի-24Պ եւ Մի-8ՄՏ ուղղաթիռների երիտասարդ օդաչուները թռիչքային մարտավարական վարժանքներին պատրաստվելու շրջանակներում առաջին անգամ գործնական թռիչքներ են սկսել բարձրլեռնային շրջաններում:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, թռիչքները «Կամխուտ» եւ «Ալագյազ» լեռնային զինափորձարանների շրջանում իրականացվում են միավորման փորձառու հրահանգիչ-օդաչուների ղեկավարությամբ օդերեւութաբանական պարզ պայմաններում օրվա ցերեկային ժամերին: Ուղղաթիռների անձնակազմերի համար դրանք առաջին թռիչքներն են դեպի Անդրկովկասում ռուսական զորամիավորման զինափորձարաններ: Ավելի վաղ օդաչուները պարզ նավավարման տարրեր են փորձարկել «Էրեբունի» ռազմական օդանավակայանի եւ դրա մերձակա շրջանների երկնքում:
Դեպի զինափորձարաններ ուսումնական թռիչքների ընթացքում օդաչուները կկատարեն օդից մոտոհրաձգային ստորաբաժանումների պաշտպանության, ինչպես նաեւ տարբեր բարձրություններից ցամաքային թիրախների պայմանական հարվածներ հասցնելու առաջադրանքներ: Ինչպես նշվում Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, բանակային օդուժի օդաչուների մարտական պատրաստության հաջորդ փուլը կդառնան Մի-24Պ եւ ՄԻ-8ՄՏ ուղղաթիռների համատեղ թռիչքները ամառային մարտավարական վարժանքների ընթացքում: