Շահեն Հարությունյանը պատռել է Ոստիկանության ընդունարանի ռուսական դրոշը
Ինչպես հայտնի է՝ երեկ երեկոյան 23:30-ի սահմաններում Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, 2 ոստիկաններ են մոտեցել և հրավիրել Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ զրույցի:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Երևան այցի կապակցությամբ հանրահավաք էր կազմակերպվել «Ձեռքներդ դո՛ւրս Արցախից» նախաձեռնության կողմից, որին մասնակցել է նաև Շահենը:
168.am-ի հետ զրույցում Շահենը պատմեց, որ հանրահավաքից հետո իրենք մտել են «Երևանյան պանդոկ», որտեղից դուրս գալուց հետո իրենց են մոտեցել ոստիկանները և տեղեկացրել, որ Երևանի ոստիկանապետը ցանկանում է զրուցել իր հետ: Շահենը նշեց, որ իր և ոստիկանապետ Ա. Կարապետյանի զրույցն ընթացել է առանց իր մոր և այլ ոստիկանների։ «Նրանց դուր չէր եկել այն փաստը, որ ես քննադատական ելույթներ եմ ունեցել, ինչպես նաև՝ այրել եմ Սերժի, Ալիևի ու Պուտինի նկարները: Իրեն ասացի, որ ես այրել եմ դավաճանների նկարներ: Զգուշացնում էր ինձ՝ իմ «վզին փաթաթվող» խնդիրների մասին ու նշում, որ սա վերջին զգուշացումն է: Ես ասեցի, որ պայքարում եմ ու չեմ վախենում խնդիրներից: Ասեց՝ չես էլ կարող խուսափել՝ «տարիներով կեթաս»։ Վստահեցրի նրան, որ հետ չեմ կանգնելու իմ պայքարից և գաղափարներից: Ասում էր, որ ես երկրի վարկանիշի հետ եմ խաղում: Ասում էր՝ «դու էնքան փոքր մարդ ես, որ խաղաս»»,- պատմեց Շահենը:
Մեր ճշտող հարցին՝ արդյոք ոստիկանապետը բառացի սպառնացե՞լ է իրեն՝ իր «վզին փաթաթվող» խնդիրների մասին, Շահենն այսպես պատասխանեց. «Ես ասացի՝ ես իմ պայքարն եմ առաջ տանում, ինքը, մեջբերում եմ իր խոսքը, ասաց՝ «պրոբլեմները վզիդ՝ դու չես կարող պրոբլեմներից խուսափես, պրոբլեմները վզիդ կփաթաթենք»»:
Մեր այն հարցին՝ ոստիկանապետի հետ զրույցի ընթացքում արդյոք խոսք եղե՞լ է Շանթ Հարությունյանի մասին, Շահենը պատասխանեց՝ ոչ: Հարցին էլ, թե՝ ինչո՞վ եք պայմանավորում այն, որ հենց Ձեզ է կանչել ոստիկանապետը զրույցի՝ հաշվի առնելով, որ այդ բողոքի ակցիային շատերն են մասնակցել, Շահենն այսպես պատասխանեց. «Կազմակերպիչ եմ հանդես եկել այնտեղ, բացի այդ էլ՝ Դավիթ Սանասարյանին՝ մեր մյուս կազմակերպչին, խոսելու ընթացքում ասել են՝ գնացեք այդ նվերը դրեք, բայց Շահենը չպետք է մտնի դեսպանատուն, այսինքն՝ առանձնահատուկ վատ վերաբերմունք են ունեցել ի սկզբանե»: Շահենը նաև չբացառեց, որ գուցե այդ վերաբերմունքը պայմանավորած է նաև իր հոր գործոնով:
Մեր զրուցակիցը նաև հաստատեց այն տեղեկությունը, որ ինքը Ոստիկանության ընդունարանում պատռել է այնտեղ եղած ռուսական դրոշը. «Ասեցի՝ բա հայկական դրոշն ո՞ւր է, ասացին՝ մեր հավաքարարի թոռնիկը լաց է եղել, տվել ենք՝ տարել է, ես էլ ասեցի՝ ուրեմն՝ սա էլ վերցրեք, վերցրեցի ու պատռեցի»: