Մեղադրանք է առաջադրվել՝ դեղատան վրա ավազակային հարձակում կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում դեղատան վրա ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 38-ամյա տղամարդուն:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի ապրիլի 18-ին ահազանգ էր ստացվել առ այն, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան 52 հասցեում գործող դեղատան վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել:

Դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2016 թվականի ապրիլի 18-ին դիմակավորված անձը մտել է դեղատան սրահ, դանակով կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով դեղատան աշխատակցից գումար է պահանջել, ապա դրամարկղից հափշտակել առկա գումարը և դիմել փախուստի:

Քրեական գործով իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հաշվառված է Ալավերդի քաղաքում, 38 տարեկան է:

Վերջինս հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի հանգամանքների շուրջ, նրա մասնակցությամբ զննվել է դեղատանը գործող տեսախցիկների տվյալ օրվա տեսագրությունը։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (ավազակություն՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ):   Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս