Բաժիններ՝

Միջազգային ՀԿ-ները նշանավորներին կոչ են անում չգնալ Բաքվի «Ֆորմուլա-1»-ին

Մի շարք միջազգային եւ տեղական ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ստեղծված «Սպորտը հանուն մարդու իրավունքների» արշավը ապրիլի 21-ին կոչով դիմել է աշխարհում հայտնի երգիչներ Փերիլ Ուիլյամսին, Քրիս Բրաունին եւ Էնրիկե Իգլեսիասին չեղարկել Բաքվում անցկացվելիք «Ֆորմուլա-1» մրցումների օրերին ծրագրած համերգները:

Աս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը (azadliq.org):

Դիմումում ասվում է, որ հիասթափված են հունիսի 19-ին հիշյալ երգիչների կողմից մարդու իրավունքները ոտնահարող Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ծրագրած համերգով:

«Ֆորմուլա-1» մրցումները Բաքվում պետք է սկսվեն հունիսի 18-ին:

«Ադրբեջանում տասնյակ քաղաքական բանտարկյալներ` քաղաքական գործիչներ, լրագրողներ, բլոգերներ, երիտասարդ ակտիվիստներ եւ կրոնական գործիչներ կան: Քաղաքացիական հասարակությունն աշխատում է անտանելի պայմաններում: Մի շարք ՀԿ-ների դեմ քաղաքական դրդապատճառներով քրեական գործեր են բացվել», -ասվում է դիմումում:

Դիմումում նշվում է, որ Ադրբեջանի իշխող ընտանիքի եւ վերնախավի կոռուպցիոն փաստերը բացահայտելու համար հետազոտող լրագրող Խադիջա Իսմայիլովան, լրագրող Սեյքուր Հազին, ընդդիմության առաջնորդ Իլգա Մամեդովը եւ երիտասարդ ակտիվիստ Իռքին Ռուստամզադեն կեղծ մեղադրանքներով գտնվում են բանտերում:

«Աշխարհին ցույց տվեք, որ անտարբեր չեք Ադրբեջանում ճիշտ խոսողների ու իրավիճակ փոխել ցանկացողների նկատմամբ, եւ չեն կարող փողով լռեցնել ձեզ», -ասվում է կոչում:

«Սպորտը հանուն մարդու իրավունքների» արշավի համակարգողը Ռեբեկա Վինսենթն է:

Արշավին մասնակցում են Article19, Civil Rights Defenders, Committee to Protect Journalists եւ People in Need ճանաչված մարդու իրավունքների կազմակերպությունները:

Կազմակերպությունը նշանավոր երգիչներին նման կոչով դիմել էր նաեւ Բաքվում անցյալ տարի անցկացված Եվրոպայի խաղերի ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս