«Մենք պետք է այս 100-ամյակի առիթով մի բազմահատոր նոր ժողովածու ունենայինք…». Արա Պապյան

«Կարծում եմ, որ օր առաջ այդ հայ-թուրքական ստորագրությունները պետք է չեղյալ հայտարարվեն, որովհետև ակնհայտ է, և այս վերջին քառօրյա պատերազմը ևս ցույց տվեց, որ Թուրքիան մեր դեմ բացահայտ պատերազմ է մղում»,- այսօր «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցից մեկ տարի անց. դիտարկումներ և գնահատականներ» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը:

Նրա կարծիքով՝ պետք է սկսել հունվարյան հռչակագրի մեջ ամրագրված դրույթների իրականացումը: Ա. Պապյանը տեսնում է ուղենիշերը, բայց գործնական քաղաքականության մեջ չի տեսնում որևէ էական փոփոխություն՝ անգամ հայտարարությունների առումով: «Մենք գոնե պետք է «The Holocaust chronicles»-ի պես մի գիրք տպած լինեինք, էլ չեմ ասում՝ բազմահատոր հանրագիտարաններ Ցեղասպանության մասին: Մենք պետք է այս հարյուրամյակի առիթով մի բազմահատոր նոր ժողովածու, հանրագիտարաններ ունենայինք՝ տարբեր լեզուներով, որովհետև ժամանակն է, հանրագիտարանային տիպի գրքերը շատ կարևոր են, քանի որ ուղղորդիչ դեր ունեն»:

Ա. Պապյանը կարծում է՝ պահանջատիրության ոչ միայն՝ հայեցակարգի, այլև՝ դրա հիմնարար փաստաթղթերի կարիք կա:

«Գիտական ներուժը եթե աջակցություն ստանա, իհարկե, կարող է անել, բայց պետք է այդ աջակցությունը ստանա, որովհետև նման փաստաթղթերը պետք է հայթայթել, արխիվներ է պետք գնալ, դրանց համար պետք է վճարվեն: Պետք է լինեն մասնագիտացված խմբեր, որոնք պետք է պատշաճ աջակցություն ստանան»,- նշեց Ա. Պապյանը:

Տեսանյութեր

Լրահոս