
«Բավարիան» սկսել է բանակցությունները «Բորուսիայի» հետ` Մաթս Հումմելսի տրանսֆերի վերաբերյալ

Ինչպես հաղորդում է Bild-ը, Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Մաթս Հումմելսը մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն:
Ինչպես պնդում է գերմանական պարբերականը, կողմերն արդեն սկսել են բանակցությունները: Տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 30 մլն եվրո: Հումմելսի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև այլ ակումբներ, ներառյալ՝ «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»:
«Մաթսը պետք է կայացնի իր կարիերայի կարևորագույն որոշումներից մեկը: «Բորուսիան» վերադարձել է Եվրոպայի թոփ ակումբների շարքը, դրա համար էլ որոշում կայացնելը հեշտ չի լինի:
Բայց եթե Մաթսը հեռանա «Բորուսիայից», ապա կմիանա աշխարհի լավագույն 5-6 ակումբներից մեկին, և «Բավարիան» դրանցից մեկն է»,- Bild-ին ասել է Մաթսի հայրը` Հերման Հումմելսը, ով հանդիսանում է նաև ֆուտբոլիստի գործակալը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը