Եվրամիությունը չպետք է իր անվտանգության բանալին տա Թուրքիայի ձեռքը. Տուսկ

Եվրաﬕությունը պարտավոր է մշակել ﬕասնական և հետևողական ﬕգրացիոն քաղաքականություն՝ խիստ հսկողություն սահմանելով իր արտաքին սահմանների նկատմամբ, միաժամանակ, չպետք է իր անվտանգության բանալին տա այլ երկրների, առաջին հերթին՝ Թուրքիայի ձեռքը: Նման կարծիք է հայտնել Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Le Figaro ֆրանսիական թերթում հրապարակված հոդվածում:

Ինչպես Տուսկը հիշեցրել է, 1 տարի առաջ, երբ փախստականների ճգնաժամը Եվրոպայում նոր միայն թափ էր հավաքում, ոմանք ակնհայտ էին համարում, որ միգրացիոն ալիքն այնքան ուժեղ է, որ այն հնարավոր չէ կասեցնել: Եվրոպացիները անվճռականություն և թուլություն ցուցաբերեցին, խոստովանել է Տուսկը, ինչը հող նախապատրաստեց «ծայրահեղական, պոպուլիստական ու անգամ ազգայնական գաղափարների» համար:

«Մի քանի ամիս առաջ ես ընդգծեցի, որ այդ միգրացիոն ալիքը չափազանց ուժեղ է ու հենց այդ պատճառով այն հարկավոր է կասեցնել: Առաջնայինը իսկական միգրացիոն քաղաքականությունն է, որի ժամանակ ԵՄ երկրները կվերադարձնեն հնարավորությունը, թե ով է հատում սահմանները, ինչպես ու երբ: Դրանում է ապաստանի տրամադրման խելամիտ և մարդասիրական քաղաքականության էությունը»,- գրել է Տուսկը:

Միաժամանակ, նա խոստովանել է, որ Բալկանյան երկրների համար գտնված որոշումը և Թուրքիայի հետ համաձայնագիրը ունիվերսալ մոդել չեն, որը ընդունելի է այլ միգրացիոն ուղղություններով, ներառյալ՝ կենտրոնական Միջերկրածովյան:

«Ոչ ոք չի պաշտպանի մեր սահմանները մեր փոխարեն: Մենք չենք կարող տալ մեր տարածքների, մեր անվտանգության բանալիները ինչ-որ երրորդ երկրի: Դա վերաբերում է Թուրքիային, դա վերաբերում է նաև Հյուսիսային Աֆրիկայի երկրներին»,- հավելել է նա:
Հակառակ դեպքում, Տուսկը նախազգուշացնում է, որ եվրոպացիների նոր զիջումները կարող են ընկալվել որպես «թուլություն, որը կուժեղացներ Եվրամիությանը շանտաժ անելու ձգտումը»:

«Ես չափազանց հաճախ եմ լսել մեր հարևաններից, որ Եվրոպան պետք է զիջի, հակառակ դեպքում կողողվի փախստականներով: Այդ ժամանակ հասկացա, որ գործընկերների հետ համագործակցելու համար հարկավոր է առաջին հերթին վերականգնել միգրացիան վերահսկելու մեր կարողությունը»,-եզրակացրել է Եվրախորհրդի նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս