Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի պայմանագիրն անժամկետ բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերաբերյալ 1994 և 1995 թվականների համաձայնագրերը մնում են հակամարտության գոտում զինադադարի հիմքը: Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳ նախարարությունում:
«Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության զարգացման համատեքստում ռուսական կողմը հաստատակամորեն ելնում է նրանից, որ հրադադարի վերաբերյալ 1994 թվականի համաձայնագիրը, ինչպես նաեւ դրա զարգացումը հանդիսացող Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինադադարի մասին 1995 թվականի համաձայնագիրը անժամկետ բնույթ են կրում եւ առաջվա պես կազմում են հակամարտության գոտում զինադադարի հիմքը»,- ասված է ՌԴ ԱԳ նախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի մեկնաբանության մեջ:
Դրանում նշվում է, որ այդ սկզբունքային դիրքորոշումը շարադրված էր ԵԱՀԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչության նոտայում, որն ապրիլի 12-ին ուղարկվել է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությանը: