Բաժիններ՝

Շվեդիայի հայ համայնքը Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ցույց է կազմակերպելու

Շվեդիայի հայ համայնքն ապրիլի 24-ին Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ցույց է կազմակերպելու: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շվեդիայում Հայ դատի հանձնախմբի նախագահ Արշակ Գավաֆյանը:

«Բողոքի ակցիա կանցկացնենք Թուրքիայի դեսպանատան առջև, այնուհետև կուղևորվենք կենտրոնական հրապարակ: Սովորաբար մեզ միանում են այլ փորքամասնությունների ներկայացուցիչներ ևս, մասնավորապես, ասորիները: Ցույցից հետո Սբ Հակոբ եկեղեցում, որը Ստոկհոլմի կենտրոնական մեծ եկեղեցիներից է, կունենանք հոգեհանգստյան արարողություն ի հիշատակ մեր նահատակների: Արարողությունից հետո ծրագիրը կշարունակվի Ստոկհոլմի կենտրոնական հրապարակում` Սերգելս Թորիում, որտեղ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց խոսքը կուղղեն ցույցի մասնակիցներին»,- ասաց Արշակ Գավաֆյանը:

Նրա խոսքով, միջոցառումը տեղի կունենա նաև Շվեդիայի Օրեբրու քաղաքում: Այնտեղ հայերի, ասորիների և հույների մասնակցությամբ քայլարշավ է կազմակերպվելու, որը կսկսվի Օլոֆ Փալմե հրապարակից դեպի հայերի, հույների և ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, որտեղ ծաղիկներ կդրվի և հարգանքի տուրք կմատուցվի 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին: Երթը այնուհետև կշարունակվի դէպի Լենգբրու եկեղեցի:

Միջոցառումներ տեղի կունենան նաև Գութենբերգում: Այնտեղ հայ համայնքը ինչպես նաև ցեղասպանության ենթարկված մյուս քրիստոնյա փոքրամասնությունները կսկսեն իրենց երթը Գուստավ Ադոլֆ հրապարակից և կավարտեն Հյելբու եկեղեցու մոտ: Արշակ Գավաֆյանը նշեց, որ ամեն տարի ապրիլքսանչորսյան միջոցառումներին շվեդական կուսակցություններից խոսնակներ են մասնակցում: Նրանց մասնակցությունն այս տարի նույնպես նախատեսվում է:

«Մեր գլխավոր ուղերձն այն է, որ Թուրքիան առերեսվի սեփական պատմությանը, վերջ տա Հայաստանի ու հայ ժողովորդի հանդեպ իր թշնամական կեցվածքին: Մենք պահանջում ենք, որ հատուցում լինի, միայն ներողությունով խնդիրը չի լուծվի»,-ասաց Արշակ Գավաֆյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս