Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերներին խորհուրդ ենք տալիս այնպիսի որոշումներ կայացնել, որոնք չեն ավարտվի պատերազմով. Իրանի խորհրդարանի նախագահ
Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին TASS-ի գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Գուսմանին տված ծավալուն հարցազրույցում, ի թիվ այց խնդիրների, անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։
Հարցին, թե ինչպես է Իրանը տեսնում այդ հակամարտության կարգավորումը, Ալի Լարիջանին ասել է, թե տարածաշրջանը լի է ճգնաժամերով։
«Իրաքում, Սիրիայում, Լիբանանում խնդիրներ կան, Թուրքիայում երբեմն նույնպես պայթյուններ են լինում: Մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Աֆղանստանում ու Պակիստանում։ Տարածաշրջանն արդեն չի հանդուրժում նոր ճգնաժամեր։ Գուցե, կարող է, նրանք վերսկսեն հակամարտությունը, սակայն չէ՞ որ հայտնի չէ, թե ինչ դա ինչ արդյունք կունենա»,- ասել է Իրանի խորհրդարանի նախագահը:
«Մենք միշտ Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերներին խորհուրդ ենք տալիս այնպիսի որոշումներ կայացնել, որոնք չեն ավարտվի պատերազմով»,- հավելել է նա՝ նշելով, թե գոյություն ունեցող մեխանիզմներից մեկը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:
«Մենք Հայաստանի ու Ադրբեջանի մեր բարեկամներին խորհուրդ ենք տալիս, իսկ Իրանի պաշտպանության նախարարությունն արդեն կապվել է գործընկերների հետ ինչպես Բաքվում , այնպես էլ Երևանում ու Մոսկվայում՝ թույլ չտալու տարածաշրջանում նոր պատերազմի առաջացումը, քանի որ դրա հետևանքները շատ ցավոտ կլինեն։ Առավել ևս, որ այդ երկրները հարևաններ են, նոր՝ բազմաթիվ զոհերը կծնեն ատելություն, որից ապագայում դժվար կլինի ազատվել։ Մենք բոլորս պետք է ջանքեր գործադրենք այդ հակամարտությունը քաղաքական ճանապարհով կարգավորելու համար»,- ասել է նա։