«Ճիշտ է ասում՝ թշնամություն չունենք: Իբր էլ չէ, ես իրան սիրել եմ ու սիրում եմ». Անի Մաջնունյանի սպանության գործով հարցաքննվեցին վկաները
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով այսօր հարցաքննվում էին վկաները:
Դատարանում նախ հարցաքննվեց վկա Սառա Մերդինյանը, ով հայտարարեց, որ ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանին ճանաչել է որպես վարձով ապրող տղա, ով բնակվել է հարևանությամբ: Վկան ասաց, որ ամբաստանյալի հետ շփում չի ունեցել, նույնիսկ անունը չի իմացել: Երեխաների օրվա առթիվ նա մի անգամ միջոցառում է կազմակերպել: Վկան ասաց, որ քննիչը իրեն հարցրել է՝ արդյո՞ք մուտքում աղմուկ լսել է, թե՞ ոչ, ինքը պաըտասխանել է, որ չի լսել, լսելու դեպքում դուրս կգար:
Վկաներից Էդգար Գասպարյանն էլ ասաց, որ ճանաչում է ամբաստանյալին, նրա հարևանն է եղել: Ըստ վկայի՝ Մուշեղ Մխիթարյանն ասել է, որ երկու հոգի սպառնում են իրեն: «Ասել է՝ 5 րոպե գոնե նստի մեր տանը, նոր կգնաս: Նստել եմ 5 րոպե իրենց տանը, իջել, գնացել եմ տուն ու իրեն դրանից հետո չեմ տեսել»,- ասաց վկան: Տանը Մուշեղը եղել է մի աղջկա հետ, ում ինքը մի քանի անգամ տեսել է:
Վկաներից Լիլիթ Սուքիասյանն ասաց, որ ճանաչում է ամբաստանյալին, միասին աշխատել են. «Իբր ինչ-որ զգացմունքներ է ունեցել իմ նկատմամբ»:
Ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանն էլ ասաց, որ ճանաչում է վկային. «Ճիշտ է ասում՝ թշնամություն չունենք: Իբր էլ չէ, ես իրան սիրել եմ ու սիրում եմ»:
Վկան ասաց, որ 2013թ. աշխատել է Մուշեղ Մխիթարյանի հետ, հետո «իբր սիրում էին իրար». «Այսինքն՝ իբր չէ, իմ կողմից լրիվ լուրջ էր, բայց իր կողմից՝ հաստատ չէ: Մերոնք՝ իմ եղբայրները, արգելեցին իրեն, որ իմ հետ շփվի: Այդպես կապը կտրվեց: Երկու տարի հետո ինքը հայտնվեց, բայց արդեն կին, երեխա ուներ: Պնդում էր, որ կնոջը չի սիրում, ինձ է սիրում»:
Վկայի խոսքով՝ Մուշեղն անընդհատ զանգել է ինքը, ինքը խնդրել է վերջնական հանդիպել, իրեն այլևս չանհանգստացնի: Ամբաստանյալն իրեն զգուշացրել է զգույշ լինել: Անի Մաջնունյանի մասին Մուշեղն ասել է, որ նա իր լավ ընկերն է, իրեն օգնում է, իսկ մի օր զանգահարել է և ասել, որ նրան սպանել են: Մուշեղն իրեն ասել է, թե 31 տարեկան է, սակայն ինքը քննչականում իմացել է, որ նա այլ տարիքի է: Իսկ հարցին, թե ինչպես կբնութագրի ամբաստանյալին, վկան պատասխանեց. «Շատ կիրթ մարդ էր երևում»:
Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 28-ին: