Վարչապետը հորդորել է բացառել մեկ անձից կատարվող գնումները՝ ուսումնական նյութերի ձեռքբերման գործընթացում
Կառավարությունը այսօր հաստատել է «Տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում ու ավագ դպրոցների դասագրքերի հրատարակում», «Ռազմագիտության կաբինետների վերականգնում» և «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար նախատեսված ծրագրերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի մշակում, հրատարակում և ձեռքբերում» ծրագրերի գծով ՀՀ 2016թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների օգտագործման ուղղությունները:
Արդյունքում` տարրական դասարանների աշակերտները կապահովվեն անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ, ավագ դպրոցները կհամալրվեն նոր դասագրքերով, ռազմագիտության կաբինետները կհամալրվեն նոր ուսումնական նյութերով, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները կապահովեն նախատեսված ծրագրերով, ձեռնարկներով, ուսումնական այլ նյութերով, ինչը կնպաստի սովորողների ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը:
Հարցի հետ կապված վարչապետը մեկ անգամ ևս հորդորել է հնարավորինս բացառել մեկ անձից կատարվող գնումները և անցնել բանակցային եղանակով գնումների կատարման: