Բաժիններ՝

Ադրբեջանական Meydan TV -ի դեմ հարուցված քրեական գործում ներգրաված է 15 լրագրող. հնարավոր են ձերբակալություններ

Ադրբեջանական Meydan TV ինտերնետ ռեսուրսի դեմ քրեական գործ է հարուցվել, գործի շրջանակում ներգրավված է 15 լրագրող: Այս մասին Turan գործակալությանը տեղեկացրել է փաստաբան Էլչին Սադիգովը:

Փաստաբանը հայտնել է, որ ապրիլի 18-ին Նարիմանովի շրջանային դատարանը հրաժարվել է քննել իր պաշտպանյալի՝ լրագրող Շիրին Աբասովի բողոքը, ով համագործակցել է Meydan TV-ի հետ և անցած տարվա սեպտեմբերին 30 օրով կալանավորվել ու պահվել է Ադրբեջանի ՆԳՆ-ի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։ Փաստաբանի խոսքով՝ Աբասովի վրա ճնշում են գործադրում, որպեսզի նա վկայություններ տա իր ղեկավարության և Meydan TV-ի գործընկերների դեմ:

Սադիգովի խոսքով՝ գործով անցնում է 15 լրագրող։ Չնայած քրեական կոնկրետ մեղադրանք դեռ ոչ ոքի չի առաջադրվել, սակայն լրագրողներին արգելվել է դուրս գալ երկրից, ոմանց մոտ խուզարկություններ են իրականացվել, սարքավորումներ առգրավվել։

Վերոնշյալ լրագրողները ենթարկվել են նաև հարկային ստուգման և պարբերաբար կանչվում են հարցաքննության: Փաստաբանը չի բացառում Meydan TV-ի լրագրողներին կալանավորելու հնարավորությունը: Միևնույն ժամանակ, փաստաբանը քրեական գործը սարքովի է համարում՝ հիշեցնելով, որ նման հոդվածներով քրեական գործեր են հարուցվել նաև տասնյակ ՀԿ-ների դեմ, իսկ դրանց ղեկավարներն ազատազրկվել են:
Հետաքննությունը վարվում է տարբեր՝ Ադրբեջանի ՔՕ 192.2.2-րդ (ապօրինի ձեռնարկատիրություն), 213.2.2-րդ (հարկեր վճարելուց խուսափում), 308.2-րդ (պաշտոնեական լիազորությունների չարաշահում) հոդվածներով:

Ինչ վերաբերում է քրեական գործ հարուցելու պատճառներին, ապա պատճառը Meydan TV-ի կողմից Մինգեչաուր քաղաքի բողոքի ակցիաների լուսաբանումն էր, որն սկսվել էր այն բանից հետո, երբ ձերբակալվածը նետվել էր ոստիկանության շենքի պատուհանից։ Ցուցարարների բողոքի ակցիան ներկայացնող տեսանյութերը լրջորեն մտահոգել էին Ադրբեջանի իշխանություններին։

Հարցաքննության ընթացքում լրագրողներից քննիչները փորձել են պարզել, թե ով է նրանց տվել տեսագրությունը, ով է հանձնարարել այն ցուցադրել և այլն:
Meydan TV-ն հիմնադրվել է 2013թ.: Դրա գլխավոր գրասենյակը գտնվում է Գերմանիայում: Նախագիծը ղեկավարում է բլոգեր, խղճի նախկին բանտարկյալ Էմիլ Միլլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս