Բաժիններ՝

Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի առանձնատան մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու գործով մեղադրյալին կալանավորելու միջնորդությունը

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի մուտքի մոտ նռնակ նետելու գործով մեղադրյալ Հովհաննես Մուրադյանին կալանավորելու մասին միջնորդությունը: 168.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Մարինե Ֆարմանյանն ասաց, որ միջնորդությունը քննվել է դատավոր Հովիկ Շահնազարյանը:

ՀՀ քննչական կոմիտեն հաղարդագրություն էր տարածել՝ նշելով, որ բավարար ապացույցներ են  ձեռք բերվել առ այն, որ  32-ամյա Հովհաննես Մուրադյանը 2016թ. ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում,  իր հոր անվամբ հաշվառված ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին և ուսումնական նռնակ նետել առանձնատան պահակակետի ուղղությամբ՝  խաթարելով ծառայություն իրականացնող պետական պահպանության աշխատակիցների աշխատանքը։
Ապրիլի 18-ին կատարված խուզարկությամբ նրա անձնական իրերի մեջ հայտնաբերվել և առգրավվել է  զգալի չափերի «տետրահիդրոկաննաբինոլ» տեսակի թմրամիջոց:

Ապրիլի 20-ին Հ.Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը  քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:

Քննչական կոմիտեն հայտնել էր նաև, որ նախաքննության ընթացքում ՀՀ ԱՆ «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ից ստացվել է գրություն առ այն, որ Հովհաննես Մուրադյանը 19.09.2014թ-ից հաշվառված է իրենց կենտրոնում՝ «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» ախտորոշմամբ: Քննիչը նրա նկատմամբ նշանակել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների բաժնի փորձագետներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս