ՌԱԿ կենտրոնն առաջիկայում կտեղափոխվի Երևան

Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնն առաջիկայում կտեղափոխվի Երևան, կուսակցությունը պատրաստվում է ավելի ակտիվ գործունեություն ծավալել Հայաստանում և Արցախում: Այս մասին այսօրվա ասուլիսում տեղեկացրեց ՌԱԿ մամուլի հանձնախմբի ատենապետ Հակոբ Վարդիվարյանը՝ ներկայացնելով ապրիլի 19-21-ը Երևանում տեղի ունեցած ՌԱԿ Վերականգնումի շարժման եռօրյա համաժողովըի արդյունքները: «Ամենակարևոր որոշումը որ մենք ընդունել ենք այդ համաժողովի ընթացքում, այն է, որ մենք որոշել ենք մեր կենտրոնները միավորել և բերել Երևան: Մենք որոշել ենք, որ կուսակցության կենտրոնը պետք է լինի Երևանում, ծավալելու ենք հայաստանակենտրոն և արցախակենտրոն գործունեություն»,- նշեց Վարդիվարյանը:

ՌԱԿ անդամ Երվանդ Ազատյանն էլ վստահեցրեց, որ կուսակցության վերամիավորումը միայն մեկ նպատակ ունի՝ ծառայել հայրենիքին: Նա վստահեցրեց, որ կուսակցության սփյուռքի և Հայաստանի կառույցների հարաբերությունները փայլուն հիմքերի վրա են եղել: «Եթե սփյուռքում կան քաղաքական կուսակցություններ, սակայն Արցախին և Հայաստանին օգնելու նպատակ չեն հետապնդում, ապա դրանք դառնում են ինքնանպատակ, իսկ մենք չենք ցանկանում ինքնանպատակ կուսակցություն ունենալ»,- ասաց Ազատյանը:

Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանն էլ ընդգծեց, որ իրենք արդեն որոշում են կայացրել, որ առաջիկայում մասնակցելու են Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ այն մարզերում, որտեղ իրենք իրենց ուժեղ են զգում:

«Սա մենք անելու ենք մեր դիրքերն ամրապնդելու և հաջորդ ավելի կարևոր քայլերին անցում կատարելու համար»,- ասաց Ավետիքյանը՝ հավելելով, որ դեռ չեն որոշել՝ մասնակցելո՞ւ են ՀՀ-ում առաջիկա խորհրդարանկաան ընտրություններին, թե՞ ոչ:

Տեսանյութեր

Լրահոս